Հայաստանում գործող բջջային կապի երեք օպերատորները 2013 թվականին պետբյուջե են վճարել 48,8 մլրդ դրամի հարկ
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հեռահաղորդակցական ծառայությունների շուկայում գործող երեք ընկերությունները 2013 թվականին պետբյուջե են վճարել 48,8 մլրդ դրամի հարկ, հաղորդում է Պետական եկամուտների կոմիտեն։
Հրապարակված տվյալների համաձայն` օպերատորների (VivaCell-MTS, «ԱրմենՏտել» և «Orange Armenia) վճարած հարկերի կառուցվածքում հարկային մարմինների հավաքագրած միջոցները կազմել են ավելի քան 46 մլրդ դրամ, իսկ մաքսային մարմինների կողմից հավաքագրած գումարները 2,8 մլրդ դրամ, այլ հարկերի և տուրքերի գծով վճարները կազմել են 1 մլրդ դրամ։
Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում հազար խոշոր հարկատուների կողմից Հայաստանի պետբյուջե կատարած վճարումների ծավալում այդ ընկերություններին բաժին է ընկնում ընդհանուր ծավալի 7.3 տոկոսը։
Այսպես, VivaCell-MTS –ը (Ղ–տելեկոմ) 2013 թվականի պետբյուջե է վճարել ավելի քան 30 մլրդ դրամ` զբաղեցնելով խոշոր հարկատուների ցանկի երրորդ հորիզոնականը, «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline)` գրեթե 15.5 մլրդ դրամ` զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը, իսկ «Orange Armenia» ընկերությունը` 3,2 մլրդ դրամ (37-րդ հորիզոնական)։
Ընդհանուր առմամբ Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները 2013 թվականին պետբյուջե են վճարել ավելի քան 6659մլրդ դրամ նախորդ տարվա 558,5 մլրդ դրամի դիմաց։
ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում աշխատում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին:
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված և բջջային կապի, ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։
Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում մինչ օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրումներ (ներառյալ լիցենզիայի ձեռք բերման համար) և բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիություն է ապահովում Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին: ($1 – 409,04 դրամ) --0—