Ավելի քան 1350 քմ ցուցահանդեսային տարածք, շուրջ 120 մասնակից. այս տարի կանցկացվի երբևէ տեղի ունեցած Digitec Expo–ներից ամենամեծը
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի./ԱՌԿԱ/. Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը` ԱՏՁՄ-ն, հաստատել է 2021-2025 թ. ռազմավարական ծրագրերը և պատրաստվում է ամենամեծ ցուցահանդեսին:
Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնեցին ԱՏՁՄ վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանը և գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը։
Միջոցառումը տեղի կունենա Digiweek 2021-ի շրջանակում, որի նպատակն է 8 օրերի ընթացքում աշխարհի հայերին համախմբել առաջատար տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի զարգացման հեռանկարի և հնարավորությունների շուրջ:
«Այս տարի Digitec Expo-ն կլինի տեղի ունեցածներից ամենամեծը՝ ավելի քան 1350 քմ ցուցահանդեսային տարածքով, շուրջ 120 մասնակից ընկերություններով և ստարտափերով»,- նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը։
Նրա խոսքով՝ ցուցահանդեսին զուգահեռ այս տարի կազմակերպվելու է նաև Digiweek 2021-ը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության, ԱՏՁՄ-ի և մի շարք մասնավոր ընկերությունների համատեղ ջանքերով:
«Բացի այդ, առաջին անգամ կազմակերպվում է նաև Digitec Summit 2021 համաժողովը, որը համախմբելու է աշխարհի առաջատար տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներին՝ քննարկելու կրթության, ապակենտրոն աշխատուժի և գիտական նորարարության ապագան»,-ասաց Րաֆֆի Քասարջյանը:
Նրա խոսքով՝ Digitec 2021 ցուցահանդեսին և Digitec Summit 2021 համաժողովին զուգահեռ՝ հոկտեմբերի 27-ին և 28-ին կկայանա Hyetech Showcase 2021-ը, իսկ արհեստական բանականության, նորարարության և վենչուրային (կապիտալ) ֆինանասավորման թեմայով միջոցառումները տեղի կունենան նոյեմբերի 1-ից 3-ը:
ԱՏՁՄ վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանն էլ նշեց, որ երեկ հանդիպում են ունեցել Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նորանշանակ նախարար Վահագն Խաչատրյանի հետ: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել` կյանքի կոչելու ռազմավարական այն ծրագրերը, որոնք հանգեցնելու են ավելի հզոր արդյունաբերություն և պետություն ունենալուն։
ԱՏՁՄ-ի գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը ներկայացրեց նաև հինգ ռազմավարական ուղղությունները և հարակից ծրագրերը:
Դրանցից առաջինը «Կրթություն և աշխատուժ»-ն է, որի հիմնական առանցքը «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագիրն է:
«Այժմ ռազմավարական ուղղությունը լրացվում է նաև մասնագիտական վարժանքներով և համալսարանական կրթության բովանդակության բարելավմանն ուղղված նոր ծրագրերով: Դեռևս անցած տարվա դեկտեմբերից ԱՏՁՄ-ն վերամեկնարկեց «Բանակից ՏՏ» ծրագիրը, որտեղ մինչև այժմ սովորել է 138 մասնակից՝ 12 մասնագիտական խմբերում»,-ասաց գործադիր տնօրենը:
Հաջորդ ռազմավարական կետի նախատեսում է գտնել պատասխան «Ինչու՞ հենց Հայաստանը» հարցադրմանը:
«Այստեղ շեշտը դրվելու է տեխնոլոգիական ոլորտում մասնագիտական ուղղությունների սահմանման և խթանման, արտասահմանյան կարևոր շուկանների թիրախավորման, ներդրումային ավելի բարենպաստ միջավայրի ստեղծման և տվյալների պաշտպանության ու բիզնեսի շարունակության ապահովման վրա»,-ասաց Րաֆֆի Քասարջյանը:
3-րդ ռազմավարական կետը «Երկակի նշանակության տեխնոլոգիաների արտադրությունն է»: Այս ուղղությունը ենթադրում է ոչ միայն վերջինիս պետական և մասնավոր ֆինասավորման ապահովում, այլև տեխնոլոգիապես արդի անվտանգային և պաշտպանական ենթակառուցվածքների ստեղծում:
4-րդը «Գիտական հետազոտությունն է»:
«Այս ուղղությունն էլ հիմնականում ուղղորդված է գիտական հետազոտությունների համար պետական ֆինանսավորման ապահովմանը»,-նշեց գործադիր տնօրենը:
Եվ վերջին՝ 5-րդ ռազմավարական կետը «Էլեկտրոնային կառավարում և կիբերանվտանգությունն է», որը ենթադրում է թվային ու մեդիագրագիտության բարձրացում:
Նշենք, որ Digitec Expo 2021-ը և Digitec Summit 2021 համաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 29-ից 31-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Digitec Expo ցուցահանդես–փառատոնը Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ամենակարևոր և հեղինակավոր իրադարձությունն է։-0-