«Թումո» ստեղծարար կենտրոնի սաները մարտի 15–ին կներկայացնեն «100LIVES» մրցանակի տարբերակները
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. «Թումո» ստեղծարար կենտրոնի սաները մարտի 15–ին կներկայացնեն IDeA հիմնադրամի «100LIVES» նախագծի մրցանակի ձևավորման իրենց տարբերակները, նշվում է կենտրոնի Facebook–յան պաշտոնական էջում։
IDeA հիմնադրամի «100LIVES» նախագծի շրջանակում մեկնարկել է Tumo4Aurora նախաձեռնությունը, որի միջոցով 10.000 թումոցիների տրվեց բացառիկ հնարավորություն ստեղծելու «Ավրորա» մրցանակի իրենց տարբերակը: Երևանի թումոցիներին միացել էին Ստեփանակերտի, Գյումրիի և Դիլիջանի ուսանողները, որոնց ներկայացվեց «Ավրորա» մրցանակը։ Թումոցիներին առաջարկվեց ստեղծել համաշխարհային մարդասիրական մրցանակի խորհրդանիշները՝ կարգախոս, նշան և արձանիկ։
«Tumo Center for Creative Technologies-ի 4 աշխատանքային խմբերի ուսանողները, որոնք մասնակցում են TUMO4Aurora նախագծին, մարտի 15-ին AuroraPrize-ի ստեղծագործական խորհրդին կներկայացնեն մրցանակի ձևավորման իրենց տարբերակները։ Այժմ նրանք ինտենսիվ աշխատում են թիմերի ղեկավարների հետ՝ իրենց գաղափարները վերջնական տեսքի բերելու համա» ,– նշվում է հաղորդագրության մեջ։
100 LIVES (100 Կյանք) նախաձեռնությունը, որի համաշխարհային մեկնարկը տրվեց 2015թ. մարտի 10-ի Նյու Յորքում, կոչված է երախտիքի տուրք մատուցելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք 100 տարի առաջ հերոսական ջանքերի գնով հարյուր հազարավոր հայերի են փրկել Հայոց ցեղասպանությունից։
100 LIVES-ը նախաձեռնել են հայտնի գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը և Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը։
100 LIVES նախաձեռնությունը մարդասիրության ոլորտում նոր մրցանակ է սահմանել՝ մերօրյա անձնազոհ մարդկանց աջակցելու և խրախուսելու նպատակով: Այն կոչվում է «Ավրորա»՝ ի պատիվ Ավրորա Մարդիգանյանի, ով մանուկ հասակում դարձել է Հայոց ցեղասպանության ընթացքում գործած բարբարոսությունների ականատեսը։ Մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.100lives.com
Գործարար և բարեգործ Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի կողմից հիմնադրված «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամն իրականացնում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված երկարաժամկետ ծրագրեր, որոնք կօգնեն գոյատևումից անցում կատարել դեպի բարեկեցություն: Հիմնադրամի առանցքային ծրագրերից են UWC Դիլիջան քոլեջի, «Տաթևի վերածնունդ», Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման, Դիլիջանի զարգացման ծրագրերը։-0-