USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Ռոստելեկոմը կօգնի հեռահաղորդակցության զարգացմանը Աբովյան քաղաքում

22.07.2015, 21:18
«Ռոստելեկոմ» ընկերությունը ի դեմս «GNC-ALFA» հայկական դուստր ձեռնարկության, և Աբովյանի քաղաքապետարանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել  համայնքի և հեռահաղորդակցության զարգացման վերաբերյալ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ռոստելեկոմը կօգնի հեռահաղորդակցության զարգացմանը Աբովյան քաղաքում

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/.  «Ռոստելեկոմ» ընկերությունը ի դեմս «GNC-ALFA» հայկական դուստր ձեռնարկության, և Աբովյանի քաղաքապետարանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել  համայնքի և հեռահաղորդակցության զարգացման վերաբերյալ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Հուշագիրը նպատակ ուներ զարգացնելու քաղաքային համայնքի ենթակառուցվածքները, ապահովելու շրջակա միջավայրի պահպանության և Աբովյան քաղաքի կենսամակարդակի բարձրացման հիմնախնդիրները։ Մասնավորապես, Ռոստելեկոմի կողմից կբարեկարգվեն ու անվճար WiFi ցանցով կապահովվեն համայնքային զբոսայգիները», – նշված է հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, Աբովյանի նորանշանակ քաղաքապետ  Վահագն Գևորգյանը նշել է մասնավոր հատվածի հետ համագործակցության կարևորությունը` ավելացնելով, որ ընկերության ներգրավվածությունը համայնքի զարգացման գործում էապես կնպաստի տեղի ենթակառուցվածքների զարգացմանը։

Իր հերթին «GNC-ALFA» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանն ընդգծեց ընկերության կողմից կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում շարունակական իրականացվող նախագծերի կարևորությունը` ավելացնելով, որ Աբովյան քաղաքում տեղակայված է Ռոստելեկոմի գլխամասային գրասենյակը և նմանօրինակ աշխատանքները նպաստավոր պայմաններ են ստեղծում նաև ընկերության համար։  

2014 թվականից անվճար ինտերնետ կապով են ապահովված Աբովյան քաղաքի յոթ նախակրթարաններ, գեղարվեստի, երաժշտական և շախմատի դպրոցները, սպորտի և մշակույթի համալիր կենտրոնը, համայնքային գրադարանը, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը, սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու և ընկերության գրասենյակների հարակից տարածքները։

Ռոստելեկոմը Հայաստանում ակտիվ համագործակցում է համայնքների հետ ի նպաստ տեղի բնակչության կենսամակարդակի և ենթակառուցվածքների զարգացման։ Նման նախագծեր են իրականացվում նաև Երևանի, Կապանի, Վանաձորի և Դիլիջանի քաղաքապետարանների հետ։

 «Ռոստելեկոմը» Ռուսաստանում գործող դինամիկ զարգացող խոշորագույն հեռահաղորդակցական խումբ է, որը ծառայություններ է տրամադրում ոլորտի շուկայի բոլոր հատվածներում։ Ընկերությունն առաջատար դիրք է զբաղեցնում լայնաշերտ ինտերնետ հասանելիության և վճարովի հեռուստատեսության ռուսական շուկայում։ Այժմ ընկերության բջջային կապի բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 13 մլն մարդ։

Հայկական շուկայում «Ռոստելեկոմ» ԲԲԸ–ն ներկայացնում է «GNC-ALFA» դուստր ընկերությունը, որը Rostelecom ապրանքանիշի ներքո Հայաստանի տարածքում իրականացնում է ծառայություններ առաջխաղացում և վաճառք։ 2012 թ.–ի վերջին Rostelecom–ն իր բաժանորդներին առաջարկեց գերարագ ինտերնետ և IP հեռուստատեսության ու հեռախոսակապի ծառայություններ։ -0-