Ucom-ը հետաքրքրություն է դրսևորում Արցախի հեռահաղորդակցական շուկայի նկատմամբ, ռոումինգի սակագնի հարցը քննարկվում է
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Ucom-ը հետաքրքրված է Արցախի հեռահաղորդակցական շուկայով, չորեքշաբթի լրագրողներին ասաց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
Նրա խոսքով, ընկերությունը ցանկանում է մտնել Արցախի շուկա ինչի կապակցությամբ ընթանում են քննարկումներ։
«Այս հարցում կան որոշ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է հաղթահարել, և դրական լուծման դեպքում Արցախում մեզ կտեսնեն, սակայն դա դեռ ցանկությունների մակարդակում է», – ասաց Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է դեպի Արցախ ռոումինգի սակագնին, որը զրոյացվել էր պատերազմի ժամանակ, գլխավոր տնօրենը նշեց, որ հիմա քննարկումներ են ընթանում ոչ միայն ընկերության կողմից, այլև ամբողջ ոլորտում`հասկանալու համար, թե ինչ մոտեցումներ պետք է կիրառվեն ռոումինգի հարցում։
Ucom–ն Արցախում ռազմական գործողությունների կապակցությամբ գործարկել էր հատուկ զրոյացված սակագին դեպի Արցախ և Արցախից զանգեր կատարելու համար։
Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հեռահաղորդակցական ոլորտի հայկական ընկերությունների հետ քննարկել էր Արցախում այդ ոլորտի զարգացման հետ կապված հարցեր, ձեռք էր բերվել համագործակցության պայմանավորվածություն, որի շրջանակում կիրականացվի մասշտաբային տեխնիկական և պրոֆեսիոնալ օգնություն, ինչը զգալիորեն կլավացնի Արցախում կապի ծառայությունների որակը։
Ucom հայկական ընկերությունը (Universal Communications) հիմնադրվել է 2007թ.–ին։ Ucom–ը, լինելով Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը, տրամադրում է ոլորտի ծառայությունների ամբողջ շրջանակը` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն, թվային հեռախոսակապ։–0–