USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Ucom-ը հայտարարեց ՀՀ-ում գործունեության ընդլայնման հնգամյա ռազմավարության մեկնարկի մասին

26.07.2023, 17:37
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը չորեքշաբթի ներկայացրել է ընկերության զարգացման հնգամյա հավակնոտ ռազմավարությունը և տեսլականը, որն ընդունվել և հաստատվել է տնօրենների խորհրդի կողմից
Ucom-ը հայտարարեց ՀՀ-ում գործունեության ընդլայնման հնգամյա ռազմավարության մեկնարկի մասին
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./ԱՌԿԱ/. Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը չորեքշաբթի ներկայացրել է ընկերության զարգացման հնգամյա հավակնոտ ռազմավարությունը և տեսլականը, որն ընդունվել և հաստատվել է տնօրենների խորհրդի կողմից։

Ռազմավարության առանցքային հենասյուներից է բջջային և ֆիքսված ցանցի արդիականացումն ու ընդլայնումը Հաըաստանի ողջ տարածքում։ Ոլորտի առաջատար մատակարարների հետ գործընկերության շնորհիվ Ucom-ն արդեն գործարկել է իր շարժական ցանցի արդիականացումը՝ պատրաստ լինելով անցնելով 5G-ին:

«Իմ և իմ թիմի կողմից ստեղծված և ներկայացված հնգամյա ռազմավարությունը հաստատվել է Տնօրենների խորհրդի կողմից: Սա նշանակում է, որ մենք գործի ենք անցնում: Առաջին հերթին ռազմավարությունը ներառում է կարևոր արժեքների շղթա։ Ռազմավարությունն ուղղված է բաժանորդների հարմարավետությանը»,- ասաց Յիրիկյանը։

Գործադիր տնօրենը նշեց, որ ռազմավարությունն այնքան հավակնոտ է, որ նպատակ ունի Ucom-ը բարձրացնել ազգային օպերատորի մակարդակի վրա Հայաստանի և ամբողջ աշխարհի հայերի համար:

Ասուլիսի ժամանակ նա ասաց, որ որոշ ժամանակ առաջ ազդարարվել է շարժական ցանցի աշխատանքների առաջին փուլի մեկնարկի, ինչպես նաև Հայաստանի վեց քաղաքներում ֆիքսված ցանցի արդիականացման աշխատանքների մասին։

Բացի այդ, Ucom-ը նաև կփոխարինի հին սերնդի տեխնոլոգիական հարթակներն ու լուծումներն ավելի առաջադեմ և նորարարական տարբերակներով՝ մի շարք ծառայությունների արդիականացման նպատակով։ Դրանց թվում են նոր, տեխնոլոգիապես առաջադեմ հեռուստահարթակը և մի շարք այլ տեխնոլոգիական թարմացումները, որոնք Ucom-ին կպահեն նորարարությունների առաջնագծում:

Յիրիկյանը հաստատեց, որ Ucom-ը հետևողականորեն կիրականացնի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով տեխնոլոգիաներին, բնապահպանական կայունությանը և կանաչ օրակարգի խթանմանը վերաբերող նախագծերին: Ընկերությունը մտադիր է կարևոր դեր խաղալ Հայաստանի համար ավելի կանաչ ապագա ստեղծելու գործում։

Ընկերության ղեկավարն ընդգծեց նաև, որ 2023 թվականի առաջին կիսամյակում ընկերության արտադրողականությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 5%-ով։ Ընկերությունը սկսել է կրճատել նաև կուտակված ֆինանսական պարտավորությունները։

«Շուտով կսկսենք ներդնել համապատասխանության համակարգ, որի շրջանակում կգործարկվի հակակոռուպցիոն համակարգը։ Մենք կձգտենք ստանալ սերտիֆիկացում և աշխատել համապատասխան գործընթացների վրա: Մենք արդեն գործարկել ենք թեժ գիծ, որի վրա կստացվեն ներքին և արտաքին խախտումների մասին հաղորդագրություններ՝ ռիսկերը կառավարելու նպատակով»,- ասաց նա։

Գործադիր տնօրենը նշեց, որ ընկերությունը ձգտելու է աշխատանքի 100 տոկոս թափանցիկությանը։

Յիրիկյանը բաժանորդներին հորդորեց ըմբռնումով և համբերությամբ վերաբերվել արդիականացման ժամանակահատվածին, որը բավականին երկար կտևի, քանի որ հնարավոր են ցանցի խափանումներ։ Նա վստահեցրեց, որ թիմը պատրաստվում է անել անհնարինը, որպեսզի հնարավորինս քիչ խափանումներ լինեն, դրանց մասին միշտ նախօրոք կզգուշացվի։-0-