USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+15

Ucom-ը և «Արևորդին» «կանաչ» գործակցություն են մեկնարկել

04.08.2023, 17:37
2006թ․-ից գործող «Արևորդի» ՀԿ-ն առավել հայտնի է որպես «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի հիմնադիր և իրականացնող։ Այս տարի «Յուքոմ»-ը կներկայանա որպես «Արևորդի» փառատոնի գլխավոր աջակից
Ucom-ը և «Արևորդին» «կանաչ» գործակցություն են մեկնարկել
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի./ԱՌԿԱ/. Այսօր «Յուքոմ» ՓԲԸ-ը գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Արևորդի» բնության և մշակույթի պահպանման ՀԿ հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը և տնօրեն Եվա Մարտիրոսյանը համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել են երիտասարդներին թիրախավորող բնապահպանական նախագծերի շարքի մեկնարկի մասին և փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

2006թ․-ից գործող «Արևորդի» ՀԿ-ն առավել հայտնի է որպես «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի հիմնադիր և իրականացնող։ Այս տարի «Յուքոմ»-ը կներկայանա որպես «Արևորդի» փառատոնի գլխավոր աջակից։

Յիրիկյանն ուրբաթ ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Ucom ընկերությունը սկսել է աշխատել երկարաժամկետ ծրագրերի վրա, որոնց հիմքում «Մտածե՛նք կանաչ, գործե՛նք կանաչ» գաղափարն է:

«Դա միանգամից չի ստացվի, պահանջվում է բավականին երկարաժամկետ պլանավորում, քրտնաջան աշխատանք, հետևողականություն, որպեսզի տարիների ընթացքում հնարավոր լինի սերմանել այդ մտածելակերպը, հասկանալ, թե որքան կարևոր է ունենալ մաքուր, պահպանված բնություն», - ասաց նա:

Գլխավոր տնօրենն ընդգծեց, որ ընկերությունը որոշել է աշխատել երիտասարդության հետ, որպեսզի գաղափարներն աճեն նրանց հետ՝ փոխելով ընդհանուր մտածելակերպը:

Փառատոնի շրջանակում Ucom-ը «Լավագույն երիտասարդ էկո-լրագրող» մրցանակ է սահմանել։ Սա տրամաբանական շարունակությունն է բնապահպանական լրագրության դասընթացաշարի, որի նպատակը երիտասարդ լրագրողներին բնապահպանական թեմաների խորքային, բազմակողմ լուսաբանման, լրագրողական հետաքննության վերաբերյալ հիմնարար գիտելիք ու հմտություններ հաղորդելն է։

Մարտիրոսյանն իր հերթին նշեց, որ լրագրողների համար այս ծրագրի շրջանակում կմշակվեն տարբեր էկո-թեմաների լուսաբանման ուղեցույցներ:

Նա նշեց, որ հոկտեմբերի 13-18-ն «Արևորդի» միջազգային բնապահպանական 12-րդ փառատոնն այս տարի նախատեսում է հատկապես հագեցած ծրագիր, որի առանցքային բաղադրիչներից են երիտասարդներին ուղղված նախաձեռնությունները։

««Երիտասարդական օազիս» անվանումով միջոցառումների շարքը ներառում է բնապահպանական տարբեր թեմաներով աշխատարաններ, վարպետաց դասեր, ֆիլմերի ծրագիր, ցուցահանդեսներ, դիմակահանդես-շքերթ», - նշեց նա:

«Կանաչ» գործակցության հատկանշական առանձնահատկությունն այն է, որ Ucom-ի թիմը հանդես է գալու անմիջական իրականացնողի դերում՝ աշնանը միանալով «Արևորդի» ՀԿ ամենամյա ծառատունկին։

Ucom-ի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ առաջիկա ամիսների ընթացքում կայցելեն «Արևորդի» ՀԿ կրթական ծրագրերի շահառու տարբեր համայնքներ, որտեղ մասնագիտական կողմնորոշման դասընթացներ կվարեն տեղի երիտասարդների համար։ Այս բոլոր միջոցառումները նախատեսվում է իրականացնել երեք ամսում և ավարտել նոյեմբերի կեսին:-0-