USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

«Տելեկոմ Արմենիա»-ն միացել է Ձեռներեցության աշխարհի գավաթի ազգային եզրափակիչին

23.07.2021, 20:37
«Տելեկոմ Արմենիա» ընկերությունը հաղթողների համար իր մրցանակներով միացել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռնարկատիրության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից կազմակերպվող Ձեռներեցության աշխարհի գավաթի ազգային եզրափակչին
«Տելեկոմ Արմենիա»-ն միացել է Ձեռներեցության աշխարհի գավաթի ազգային եզրափակիչին

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/ԱՌԿԱ/․  «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline) հաղթողների համար իր մրցանակներով միացել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռնարկատիրության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) կողմից կազմակերպվող Ձեռներեցության աշխարհի գավաթի (Entrepreneurial World Cup – EWC) ազգային եզրափակչին, հաղորդում է «Տելեկոմ Արմենիա»:

Ձեռներեցության աշխարհի գավաթին ներկայացված ավելի քան 100 հայտերից ազգային եզրափակիչ են անցել տասներկու թիմեր, որոնք են՝ MedPoint Technologies, SmartClick, Revalcon, Cyber Tech, rBlock, Zoomerang (Zoom Apps), Heltun, Tactun (RAFA Solutions), Robodel, Mr.Fast, Streameal, Denovo Sciences:

Մրցակցող թիմերի համար ներկայացված հիմնական ուղղահայացներն են մեծածավալ տվյալներ (Big Data), արհեստական բանականություն (AI), բջջային հավելվածներ, ծրագրային ապահովումը որպես ծառայություն (SAAS), ձեռնարկությունների ծրագրային ապահովում, առողջություն և բարեկեցություն:

«Տելեկոմ Արմենիա» գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշեց․ «Նման մրցույթներին աջակցությունը «Տելեկոմ Արմենիա»-ի համար շատ կարևոր է, քանի որ նրանք խրախուսում են մեր տեղական ստարտափների զարգացումն ու միջազգային շուկա դուրս գալը: Միջազգային մակարդակով գործող ստարտափներ Հայաստանում արդեն կան, դրանք մեծ ներդրում են ունենում երկրի զարգացման մեջ, ու պիտի ավելի շատանան»:

EPIC-ի տնօրեն Մայքլ Քուչաքջեանը նշեց. «Ոլորտում խոշորագույն ընկերությունների մասնակցությունը այսպիսի միջոցառումներին շատ կարևոր է: Մեծ ռեսուրսներով և փորձառու թիմերով ընկերությունների փոխգործակցությունը ստարտափներին ոգեշնչում և ծառայում է որպես հաջողության օրինակ»:

Եզրափակչում թիմերը կմրցեն $100 000-ը գերազանցող մրցանակների համար։ Գլխավոր մրցանակի երկու հաղթողները հնարավորություն կստանան Հայաստանը ներկայացնել 2021թ․-ի Ձեռներեցության աշխարհի գավաթի համաշխարհային փուլին, որից հետո լավագույն 100-յակի մաս կազմելու դեպքում, այս տարվա նոյեմբերին կմասնակցեն եզրափակչին Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում։

Նշենք, որ մրցանակներ հաղթող թիմերին «Տելեկոմ Արմենիա»-ի կողմից տրամադրվելու են էլեկտրական սքութերներ և հոսթինգի ծառայություններ:

«Team» հեռահաղորդակցական ընկերության (ապրանքանիշը` TEAM. Telecom Armenia) հիմնադիրներն են Հայկ և Ալեքսանդր Եսայանները, որոնք եղել են Ucom ընկերության հիմնադիրներն ու երկար ժամանակ ղեկավարել են ընկերությունը։ Նոր ընկերությունը գրանցվել է 2020թ.–ի ապրիլի 20–ին «AllNet» անունով, հետո անվանափոխվել է «TEAM»–ի և ՀԾԿՀ–ից հեռահաղորդակցական ոլորտում գործունեություն իրականացնելու արտոնագիր է ստացել։ 

VEON Ltd հեռահաղորդակցական և ինտերնետ ծառայությունների ոլորտի համաշխարհային փրովայդերը 2020թ.–ի հոկտեմբերի 29–ին հայտարարեց, որ Team ընկերության հետ համաձայնագիր է կնքել «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի (ապրանքանիշը` Beeline) հայկական դուստր ընկերության վաճառքի մասին։ 2020թ.–ի նոյեմբերի 16–ին ընկերությունը հայտնեց, որ «ՎԵՈՆ Արմենիան» ստացել է նոր իրավաբանական անվանում` «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ։ Ընկերությունը դեռ կշարունակի հանդես գալ և ծառայություններ մատուցել Beeline ապրանքանիշի ներքո։–0–