«Տելեկոմ Արմենիա»–ն հերքում է լուրերն այն մասին, թե իբր Տիգրան Ավինյանը պաշտոն է ստանձնելու ընկերությունում
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./ԱՌԿԱ/. Ի պատասխան որոշ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությանը և ստահոդ շշուկների, թե իբր Տիգրան Ավինյանը պաշտոն է ստանձնելու «Տելեկոմ Արմենիա»-ում, ընկերությունը հերքում է այս տեղեկատվությունը և հայտարարում, որ այն չի համապատասխանում իրականությանը, հաղորդում է «Տելեկոմ Արմենիա»-ի մամուլի ծառայությունը:
«Տելեկոմ Արմենիա»-ն նաև շնորհակալություն է հայտնում մեծաթիվ արհեստավարժ լրագրողներին, որոնք նյութ տպագրելուց առաջ դիմում են կողմերին մեկնաբանություն ստանալու համար:
«Team» հեռահաղորդակցական ընկերության (ապրանքանիշը` TEAM. Telecom Armenia) հիմնադիրներն են Հայկ և Ալեքսանդր Եսայանները, որոնք եղել են Ucom ընկերության հիմնադիրներն ու երկար ժամանակ ղեկավարել են ընկերությունը։ Նոր ընկերությունը գրանցվել է 2020թ.–ի ապրիլի 20–ին «AllNet» անունով, հետո անվանափոխվել է «TEAM»–ի և ՀԾԿՀ–ից հեռահաղորդակցական ոլորտում գործունեություն իրականացնելու արտոնագիր է ստացել։
VEON Ltd հեռահաղորդակցական և ինտերնետ ծառայությունների ոլորտի համաշխարհային փրովայդերը 2020թ.–ի հոկտեմբերի 29–ին հայտարարեց, որ Team ընկերության հետ համաձայնագիր է կնքել «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի (ապրանքանիշը` Beeline) հայկական դուստր ընկերության վաճառքի մասին։ 2020թ.–ի նոյեմբերի 16–ին ընկերությունը հայտնեց, որ «ՎԵՈՆ Արմենիան» ստացել է նոր իրավաբանական անվանում` «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ։ Ընկերությունը դեռ կշարունակի հանդես գալ և ծառայություններ մատուցել Beeline ապրանքանիշի ներքո։–0–