Տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակ է ստեղծվել. Ավինյան
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ գործող պարետատան պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է կայացրել։
Նա այդ մասին տեղեկացրել է Facebook–յան իր էջում։
«Անմիջական շփումների բացառման և վարակի կանխարգելման նպատակով Ոստիկանությանը ցուցում է տրվել, որպեսզի մեր քաղաքացիների տեղաշարժման թերթիկը և անձնագիրը/նույնականացման քարտը ստուգելիս չվերցնեն փաստաթղթերը, այլ խնդրեն որ քաղաքացիներն իրենք ցույց տան դրանք», – նշել է Ավինյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ ստեղծվել է տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը, որը հասանելի է https://ac19.am/app/mobility հղումով:
«Ձեր տվյալները այնտեղ լրացնելուց հետո կգեներացվի հատուկ էլեկտրոնային փաստաթուղթ (այն հնարավոր չի լինի խմբագրել), որից էլ ստուգման նպատակով մոտեցած ոստիկանը կստանա անհրաժեշտ տեղեկատվությունը», – նշել է Ավինյանը:
Բացի AC19.am կայքի ստեղծած հնարավորությունից, կարելի է օգտվել նաև մեր ՏՏ ընկերությունների կողմից ստեղծված էլեկտրոնային հավելվածներից, եթե դրանք համապատասխանում են անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ որոշմանը:
Մարտի 16–ից ապրիլի 14–ը Հայաստանում հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 28–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 372 դեպք, բուժվել է 28 մարդ, մեկ մարդ մահացել է։–0–