USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

«ՆերՈւժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի երկու մասնակից ինկուբացիոն շրջան կանցնի Beeline ստարտափ ինկուբատորում

25.12.2019, 10:46
Հայաստանում ամփոփվել են Դիլիջանի UWC միջազգային դպրոցում տեղի ունեցած «ՆերՈւժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի արդյունքները
«ՆերՈւժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի երկու մասնակից ինկուբացիոն շրջան կանցնի Beeline ստարտափ ինկուբատորում

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում ամփոփվել են Դիլիջանի UWC միջազգային դպրոցում տեղի ունեցած «ՆերՈւժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի արդյունքները, հաղորդում է Beeline ընկերության մամուլի ծառայությունը։  

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրին միացել են Հայաստանի ստարտափ էկոհամակարգի գրեթե բոլոր ներկայացուցիչները, այդ թվում և Beeline ստարտափ ինկուբատորը:   

«ՆերՈւժ» 2019-ին մասնակցում էին 17 երկրից ընտրված 47 տեխնոլոգիական ստարտափների 80 ներկայացուցիչներ:

Ստարտափաշատ Դիլիջանում հայրենադարձ թիմերի համար նախատեսված էին հայ և այլազգի ՏՏ լավագույն մասնագետների հետ զրույցներ, մենթորային հանդիպումներ, պանելային քննարկումներ և խորհրդատվական ժամեր։

Գաղափարի մակարդակում գտնվող երեք հաղթողներն են՝ «Marathon», «eBin», «SoFetch» թիմերը, որոնք ստացան $15.000, $20.000 և $25.000 դրամաշնորհ, իսկ շուկա դուրս գալու պատրաստ 3 ստարտափները՝ «Schedex»-ը, «Garoon Tech»-ը և «Fact industries»-ը համապատասխանաբար ստացան $20.000, $25.000 և $30.000 պարգևներ։

Մրցանակաբաշխության օրը Հայաստանում Beeline-ը նույնպես նախատեսել էր հատուկ մրցանակ. Beeline ստարտափ ինկուբատորի թիմի կողմից ընտրվեց 2 ստարտափ՝ Craft Lab և Schedex, որոնք ստացան առանց մրցույթի անվճար մասնակցության հնարավորություն ինկուբատորի 6-րդ շրջափուլին։

Նրանց նաև մրցանակ տրվեց ինկուբատորն ավարտած ստարտափների կողմից՝ Eventor.am, 4u.am, EasyDMARC, GuideMe և SendSMS, որոնց ծառայություններից անվճար կկարողանան օգտվել։

«Մենք ուրախ ու հպարտ ենք այս ծրագրի մասնակիցը լինել, քանի որ ստարտափներին աջակցության մեր քաղաքականության վերջնական նպատակը հենց Հայաստանի տնտեսական զարգացման աջակցելն է: Մենք այս ծրագրերն իրականացնում ենք, որպեսզի մեր երիտասարդները կարողանան հեշտությամբ բիզնես հիմնել Հայաստանում, իսկ այժմ նաև Սփյուռքից երիտասարդները շահագրգռված կլինեն Հայաստան գալու մեջ», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Ի դեպ, Beeline ստարտափ ինկուբատորի ռեզիդենտ ստարտափներից երեքը՝ Rendchain-ը, Garoon Tech-ը և GuideMe-ն, որոնց թիմերում կան սփյուռքահայ անդամներ, «ՆերՈւժ»-ի լավագույն ֆինալիստների շարքում էին։ Garoon Tech-ն արժանացավ 2-րդ մրցանակի և հովանավորների կողմից այլ նվերների։ 

«ՆերՈւժ» ծրագրի հիմնական նպատակն է՝ Սփյուռքից տաղանդավոր ձեռներեցների, ինժեներների ներգրավումը, հայրենադարձության խթանումը, ինչպես նաև Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացումը: Ծրագիրը հնարավորություն է ստեղծելու արտերկրում ապրող հայերի տեխնոլոգիական գաղափարները և նախագծերը Հայաստանում բիզնեսի վերածելու և գլոբալ շուկաներ դուրս գալու համար:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։–0–