Հայկական խոշոր ՏՏ ընկերությունները կաջակցեն Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբին. Պատվավոր խորհուրդը կգլխավորի Ալեքսանդր Եսայանը
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./ԱՌԿԱ/. Team Telecom Armenia. PicsArt, ServiceTitan, SADA Systems ընկերությունների, «Հայաստանի մանուկներ» (COAF) հիմնադրամի ղեկավարները ներառվել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աջակցման հիմնադրամի Հոգաբարձուների պատվավոր խորհրդի կազմում։
Ինչպես նշվել է երեքշաբթի ասուլիսի ժամանակ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աջակցման հիմնադրամի ներքո ձևավորվել է պատվավոր խորհուրդ, որի նախագահն է առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ, Team Telecom Armenia–ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։ Պատվավոր խորհրդի կազմում են PicsArt ընկերության հիմնադիր Միքայել Վարդանյանը, ServiceTitan–ի նախագահ և համահիմնադիր Վահե Կուզոյանը, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, նախագահ Գարո Արմենը և SADA Systems–ի գլխավոր ֆինանսական տնօրեն Լուսինե Եղիազարյանը, որոնց հետ կնքվել են փոխըմբռնման հուշագրեր։
Պատվավոր խորհրդի ջանքերն ուղղված կլինեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գործունեության առաջընթացին և հանրայնացմանը Հայաստանում և արտերկրում, ինչպես նաև հայ հասարակության կյանքում դասական երաժշտությանն առավել մեծ տեղ հատկացնելու ձգտումներին։
Ինչպես նշեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արմեն Սմբատյանը, 2019թ.–ին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) բացման համերգից հետո նվագախմբի աշխատանքում տեղի ունեցան կարևոր փոփոխություններ։ Այն ժամանակ բացման արարողության ժամանակ նվագախումբը կատարեց արհեստական բանակության կողմից ստեղծված երաժշտական ստեղծագործություն։
«Մենք շարունակում ենք այն մեգա–մասշտաբային գաղափարը, որն իրականացվել է WCIT–ի բացման ժամանակ։ Քիմիան, որը ծագել է նվագախմբի և ՏՏ ոլորտի միջև, ակնհայտ է և ուժեղ։ Մենք մեծ պլաններ ունենք», – ասաց նա։
Եսայանն իր հերթին ընդգծեց, որ այս նախաձեռնությանը միացել են հայտնի մարդիկ և ընկերություններ, որոնք մեծ հաջողությունների են հասել համաշխարհային շուկայում։
«Կարծում եմ, որ այս համագործակցության մեկնարկով մենք միասին կհասնենք ավելի մեծ հաջողությունների, քանի որ համախմբում ենք մեր ջանքերն ու կապերը, ցուցաբերում ենք ֆինանսական աջակցություն, որը պետք է օգնի արագ իրագործել նվագախմբի ծրագրերն ու տեսլականները», – նշեց նա։
Նրա խոսքով, նախաձեռնության նպատակն է համաշխարհային շուկային ներկայացնել հայկական դասական երաժշտությունը` նոր ընթերցմամբ, ավելի խոշոր մեսեջներով։
Եսայանը նշեց, որ համագործակցությունը կլինի երկարատև և չի ընդգրկի կոնկրետ մեկ ծրագիր։ Այն մեծ մասամբ ուղղված կլինի նվագախմբի նոր հաջողությունների ձեռքբերմանը, աշխարհին հայկական դասական երաժշտության և մշակույթի ներկայացմանը, ինչպես նաև հովանավորությանը։
«Այս նախաձեռնությամբ մենք նաև ուզում ենք ընդգծել դասական երաժշտության կարևորությունը հայկական հասարակության համար։ Շատ կարևոր է, որպեսզի երիտասարդները, հաջողության հասած ընկերություններն ու դրանց ղեկավարներն ընդգծեն դասական երաժշտության դերակատարությունը մեր հասարակության զարգացման գործում», – ասաց նա։
Վարդանյանն իր հերթին նշեց, որ PicsArt ընկերությունն ուրախ է միանալ այդ նախաձեռնությանը, աջակցել փորձով և խորհուրդով, որպեսզի պրոդուկտը (այս դեպքում դասական երաժշտության գծով նախագծերը) հասանելի դառնա ամբողջ աշխարհում, ինչպես նաև առավելագույնս աջակցել բոլոր նախաձեռնություններին։
«Շատ ուրախ ենք միանալ և հույս ունենք, որ շուտով արդյունքներ կտեսնենք», – ասաց նա։–0–