Հայաստանը`համաշխարհային դերակատար միկրոէլեկտրոնիկայի կրթության բնագավառում

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 16-րդ օլիմպիադայում մրցել է 436 մասնակից 13 երկրից՝ ԱՄԷ, ԱՄՆ, Արգենտինա, Բելառուս, Բոսնիա և Հերցեգովինա, Բրազիլիա, Եգիպտոս, Հայաստան, Պերու, Ռուսաստան, Սերբիա, Վիետնամ և Ուկրաինա, հաղորդում է Վիվա–ՄՏՍընկերության մամուլի ծառայությունը։
Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի Կազմկոմիտեն այսօր առցանց կազմակերպված մրցանակաբաշխության արարողության ժամանակ հայտարարեց Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 16-րդ օլիմպիադայի հաղթողների անունները․
- Առաջին մրցանակակիր է դարձել Ժաննա Խոջայանը` Հայաստանից:
- Երկրորդ տեղը զբաղեցրել է Հասան Մոստաֆա Էմամ Ալին` Եգիպտոսից:
- Երրորդ մրցանակին արժանացել են.
- Խալեդ Համմուդա Մոհամեդ Աբդելռազեկը` Եգիպտոսից
- Անջելա Կոստիքը` Սերբիայից
- եժան Գուտիկը` Բոսնիա-Հերցոգովինայից
Մրցանակաբաշխության արարողությանը մասնակցում էր ՀՀ ԲՏԱ փոխնախարար Ռոբերտ Խաչատրյանը։
Այս տարվա մրցույթն առանձնանում էր մասնակից երկրների աշխարհագրության բազմազանությամբ՝ ներառելով ներկայացուցիչներ ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Բելառուսից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բրազիլիայից, Եգիպտոսից, Հայաստանից, Պերուից, Ռուսաստանից, Սերբիայից, Վիետնամից և Ուկրաինայից: «Անչափ կարևոր է, որ նույնիսկ այս համավարակի պայմաններում Օլիմպիադայի նկատմամբ հետաքրքրությունը չի նվազում։ Ավելին, օլիմպիադան հաջողությամբ շարունակում է ծառայել իր առաքելությանը և մենք տեսնում ենք, թե ինչպես է շարունակաբար աճում մասնակիցների գիտելիքի մակարդակը», - ասում է Օլիմպիադայի Ծրագրային կոմիտեի նախագահ, Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի տնօրեն և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի վարիչ պրոֆ. Վազգեն Մելիքյանը:
Օլիմպիադան իրականացվել է երկու փուլով: Առաջին փուլն անց է կացվել մասնակից բոլոր երկրներում միաժամանակ` ստուգարքի ձևով, իսկ երկրորդ՝ եզրափակիչ փուլը ներառել է ճարտարագիտական բարդագույն խնդիրներ, որոնք պահանջում են համապարփակ լուծումներ: Առաջին փուլին մասնակցած 436 մասնակիցներից 21-ն անցել են եզրափակիչ փուլ, որը տեղի է ունեցել առցանց՝ հոկտեմբերի 8-ին: 21 մրցակիցներից 6-ը Երևանից են, իսկ 15-ը՝ մյուս երկրներից:
«Օլիմպիադայի նպատակներից մեկը Հայաստանի՝ որպես միկրոէլեկտրոնիկայի ոլորտի առաջատար երկրի, ճանաչելիության բարձրացումն է», - ասում է Օլիմպիադայի Կազմկոմիտեի նախագահ, «Յունիքոմփ» ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը։
«Ոգևորիչ է տեսնել, որ Հայաստանը շարունակում է պահպանել և զարգացնել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում դեռևս անցյալ դարի կեսերին ձևավորած առաջատարության և գերազանցության ավանդույթները», – նշում է նա։
Ուշագրավ է, որ այս տարի առաջին մրցանակին արժանացել է Հայաստանը ներկայացնող 23-ամյա Ժաննա Խոջայանը, որը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մագիստրոսական ծրագրում ընդգրկված 2-րդ կուրսի ուսանողուհի է, սովորում է Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտում և արդեն աշխատում է Սինոփսիս Արմենիայում՝ որպես ճարտարագետ։
«Սինոփսիս Արմենիայի կողմից հիմնադրված այս օլիմպիադայի հիմնական նպատակն է բացահայտել մինչև 30 տարեկան առավել տաղանդավոր ճարտարագետներին ն մեծացնել հետաքրքրությունը միկրոէլեկտրոնիկայի ոլորտի նկատմամբ ինչպես Հայաստանում, այնպես էլ մասնակից երկրներում: Այն նաև կարևոր դեր է խաղում միկրոէլեկտրոնիկայի կրթության որակի չափորոշիչների համապատասխանեցման հարցում, հնարավորություն տալով բացահայտել մասնակիցների գիտելիքների մակարդակը՝ տվյալ երկրի կրթական ծրագրերում անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու նպատակով», - ասում է Սինոփսիս Արմենիայի նախագահ, Սինոփսիսի առաջատար գիտնական Դր․Երվանդ Զորյանը և հավելում․«Այն փաստը, որ Պոլիտեխնիկի հետ համատեղ իրականացվող Սինոփսիսի կրթական ծրագրի ուսանողուհին ճանաչվել է լավագույնը աշխարհի 13 երկրները ներկայացնող 436 մասնակիցների մեջ, վկայում է միկրոէլեկտրոնիկայի ոլորտում մեր կրթական ծրագրերի միջազգային որակի և գերարդիական լինելու մասին»։
Ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան հիմնվել է 2006թ-ին և անց է կացվում ՀՀ Վարչապետի բարձր հովանու ներքո։ Այն նաև կազմակերպվում է միջազգային հեղինակություն ունեցող ամենամեծ մասնագիտական կառույցի՝ Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ:
Օլիմպիադայի նախաձեռնողն ու գլխավոր կազմակերպիչն է Սինոփսիս Արմենիան, իսկ գլխավոր գործընկերը՝ Վիվա-ՄՏՍ-ը: Գլխավոր աջակիցն է «Յունիքոմփ» ընկերությունը: Օլիմպիադայի հովանավորներից են նաև ՏՀՏ գործատուների միությունը, «Վիասֆեր» տեխնոպարկը, «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ-ն։ Օլիմպիադան կազմակերպվում է Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ:
«16 տարի անընդմեջ Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է այս նախաձեռնությանը: Ինչու՞: Որովհետև ակնհայտ է, որ ՏՀՏ ոլորտում, թվայնացման համաշխարհային օրակարգում Հայաստանը մտավոր մեծ ներուժ ունի, որը դեռևս շատ հեռու է՝ ամբողջովին իրացված լինելուց: Ուրախալի է, որ միջազգային օլիմպիադայում ոչ միայն մասնակցում, այլև հաղթում են մեր հայրենակիցները: Օլիմպիադան կայացել է և նմանօրինակ նախաձեռնությունները չափազանց կարևոր են երկրի մրցակցային առավելության զարգացման, մեր երկրի ճանաչելիության բարձրացման, տնտեսական աճի, ինչպես նաև «ուղեղների արտահոսքը» կանխելու տեսանկյունից», - ասել է Օլիմպիադայի գլխավոր գործընկեր՝ Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
« Երբ 2006թ.-ին հիմնեցինք այս կարևորագույն մրցույթը, պատկերացում չունեինք, որ տարիներ անց այն կվերածվի միկրոէլեկտրոնիկայի բնագավառում միջազգային շատ բարձր նշաձող ունեցող օլիմպիադայի և կնպաստի ոլորտի երիտասարդ մասնագետների միջազգային համայնքի ձևավորմանը», - ասում է Օլիմպիադայի Կազմկոմիտեի փոխնախագահ, Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը
«Ես կարծում եմ, որ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան յուրաքանչյուրի համար շատ լավ հնարավորություն է մրցելու ամբողջ աշխարհի իր հասակակիցների հետ և փորձարկելու այս ոլորտում իր գիտելիքներն ու հմտություններն` իր թույլ կողմերը բացահայտելու և հետագայում դրանք ուժեղացնելու համար: Ես առաջին անգամ եմ մասնակցում նման բարձր հեղինակություն ունեցող միջազգային մրցույթի և ինձ համար մեծ պատիվ է լինել Միկրոէլեկտրոնիկայի 16-րդ օլիմպիադայի եզրափակիչում: Շնորհակալություն Հայաստանին և կազմակերպիչներին`այս հնարավորությունը մեզ հասանելի դարձնելու համար», - ասում է 16-րդ Օլիմպիադայի 3-րդ մրցանակին արժանացած, Եգիպտոսի մասնակից Խալեդ Համմուդա Մոհամեդ Աբդելռազեկը։
Օլիմպիադան ընդգրկում է հետևյալ թեմաները՝ թվային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա, ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովում: Հավելյալ տեղեկության համար այցելեք Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի կայքը՝ www.microelectronicsolympiad.org։
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com։
Սինոփսիս ընկերության և Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի մասին
Սինոփսիս ընկերությունը (Nasdaq:SNPS) առօրյա կյանքում անհրաժեշտ էլեկտրոնային արտադրանք ու ծրագրային հավելվածներ մշակող նորարական ընկերությունների Սիլիկոնից՝ ծրագրային ապահովում™ (Silicon to Software™) գործընկերն է: Որպես աշխարհի ծրագրային ապահովման 15-րդ խոշորագույն ընկերություն՝ Սինոփսիսն ունի էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (ԷՆԱ) և կիսահաղորդչային մտավոր սեփականության (ՄՍ) համաշխարհային շուկայում առաջատար լինելու երկարատև պատմություն, միևնույն ժամանակ ընդլայնելով ծրագրային անվտանգության և որակի ստուգման լուծումների ոլորտում իր առաջատարությունը: Թե՛ գերժամանակակից կիսահաղորդիչներ ստեղծող ինտեգրալ սխեմաների նախագծողների, և թե՛ ամենաբարձր անվտանգություն և որակ պահանջող կիրառական ծրագրեր ստեղծող ծրագրավորողների համար Սինոփսիսն ունի անհրաժեշտ լուծումները նորարարական, բարձրորակ ու անվտանգ արտադրանք տալու համար: Ավելին՝ www.synopsys.com կայքում:
Սինոփսիս ընկերությունը սկսել է իր գործունեությունը Հայաստանում 2004 թ.-ին՝ որպես Սինոփսիս Արմենիա փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ): Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն զբաղվում է գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներով՝ էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (ԷՆԱ), արտադրության համար նախագծման (ԱՀՆ) և կիսահաղորդչային մտավոր սեփականության (ՄՍ) մշակման ոլորտներում: Ունենալով ավելի քան 750 որակյալ հայ մասնագետներ՝ Սինոփսիսը Հայաստանի ՏՏ ոլորտի խոշորագույն գործատուներից մեկն է: Բարձր որակավորում և գործնական հմտություններ ունեցող մասնագետներ պատրաստելու համար Սինոփսիսը մեծ ներդրումներ է անում Հայաստանի կրթության համակարգում։ ՏՏ ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը խթանելու նպատակով ընկերությունն իրականացնում և հովանավորում է տարբեր ծրագրեր և մրցույթներ: Սինոփսիս Արմենիայի ներդրումները միայն ՏՏ ոլորտով չեն սահմանափակվում: 2010 թ․-ին ԱՄՆ պետքարտուղարության կողմից Սինոփսիս ընկերությունը ճանաչվել է Կորպորատիվ գերազանցության ամենամյա մրցանակաբաշխության համաշխարհային լավագույն 12 ընկերություններից մեկը՝ Հայաստանում օրինակելի կորպորատիվ քաղաքացի լինելու, նորարարության և հաջողված բիզնես իրականացնելու համար: Սինոփսիս Արմենիան տեղակայված է Երևանում։ Ավելին՝ www.synopsys.am կայքում:–0–