USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
0

ՀՀ ՏՄՊՊՀ-ն կարճել է «ՎԵՈՆ Արմենիա» և «Յուքոմ» ՓԲԸ-ների համակենտրոնացման մասին վարույթը

19.05.2020, 13:59
ՀՀ ՏՄՊՊՀ-ն կարճել է «ՎԵՈՆ Արմենիա» և «Յուքոմ» ՓԲԸ-ների համակենտրոնացման մասին վարույթը
ՀՀ ՏՄՊՊՀ-ն կարճել է «ՎԵՈՆ Արմենիա» և «Յուքոմ» ՓԲԸ-ների համակենտրոնացման մասին վարույթը

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է կայացրել վերսկսել և կարճել «ՎԵՈՆ Արմենիա» (Beeline ապրանքանիշ) և «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունների հարուցված վարչական վարույթը: 

Կապի և ինտերնետի ծառայությունների համաշխարհային առաջատար մատակարար «Վեոն Արմենիա» ընկերությունը 2020 թվականի մայիսի 6-ին հայտարարել է, որ հրաժարվում է UCom- ի հետ բանակցություններ վարել Հայաստանում հնարավոր գործարքի վերաբերյալ։ 

Նույն օրը «Վեոն Արմենիա»-ն դիմել է հանձնաժողով՝ հայտնելով, որ հրաժարվում է իր դիմումից և խնդրում է կարճել հարուցված վարչական վարույթը:

Ինչպես նշվում է ՀՀ ՏՄՊՊՀ-ի՝ երեքշաբթի հրապարակած հայտարարության մեջ, որոշում է կայացրել վերսկսել և կարճել «ՎԵՈՆ Արմենիա» և «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունների 2019 թվականի դեկտեմբերի 30-ի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը: 

«Հաշվի առնելով, որ դիմումատուն գրավոր հրաժարվել է իր դիմումից՝ վերանում է հարուցված վարչական վարույթն իրականացնելու անհրաժեշտությունը, հետևաբար հանձնաժողովը որոշել է վարչական վարույթը կարճել»,- ասվում է հաղորդագորության մեջ։

Հարկ է նշել, որ հանձնաժողովի 2020 թվականի մարտի 19-ի թիվ 122-Ա որոշմամբ, հաշվի առնելով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը, կասեցվել էր ընկերությունների դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի իրականացման ժամկետի ընթացքը։ 

Վարույթի շրջանակում հանձնաժողովն իրականացրել է հեռահաղորդակցության ոլորտի լայնածավալ ուսումնասիրություն, որը հետագայում կհրապարակվի։

Սկանդալ և կալանք` գործարքի ֆոնին

Հետագայում Ucom ընկերության սեփականատերերի շուրջ սկանդալը սկսեց զարգանալ։ Մասնավորապես, «Գալաքսի» ընկերությունների խումբը մեղադրեց ՀՀ կառավարությանը` նշելով, որ այն փորձում է ապօրինի օտարել Ucom–ը, իսկ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը ներկայացրեց փոխադարձ մեղադրանքներ։ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը մասնավորապես հայտարարեց, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները պահանջում են օտարել Ucom–ն ու հայկական ՏՏ ոլորտի առաջատար IUnetworks ընկերությունը։

Ինչին ի պատասխանը Գևորգյանը հայտարարեց, որ ընկերության բաժնեմասերի օտարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հնարավոր է միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ: «Այն բանից հետո, երբ ընկերության բաժնետերերի մեջ վեճ է ծագել և օրակարգում հայտնվել է բաժնետերերի կազմի փոփոխության հարց, կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ողջ գումարը փոխանցվի Հայաստանի պետական բյուջե: Այս դիրքորոշումը ուժի մեջ է նաև այսօր՝ ապօրինի ծագմամբ ցանկացած գույքի պարագայում», – նշել է Գևորգյանը։

Բանն այն է, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար և ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը, ով այս պահին կալանավորված է, ձերբակալվել է ԱԱԾ–ի կողմից 2019թ.–ի օգոստոսի 27–ին քրեական օրենսգրքի` «Ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում» և «Առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում» հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով։

Ապրիլի 28–ին, ԱԱԾ–ն հայտնեց 22,4 մլն դոլարի չափով կաշառք տալու քրեական գործի բացահայտման մասին։ Գերատեսչությունը ներկայացրել է հանցավոր սխեմայի մանրամասները, որին, ըստ քննության, առնչություն են ունեցել խոշոր ձեռնարկության գլխավոր տնօրենն ու բարձրաստիճան պաշտոնյան (ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին ղեկավար)` իր որդիների հետ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր hetq.am–ը, հղում անելով պետռեգիստրի տվյալներին, 2020թ.–ի մարտի 27–ին Ucom ընկերության` Խաչատրյաններին պատկանող մասնաբաժնի վրա կալանք է դրվել։

«Գալաքսի» ընկերությունների խմբի նույն հայտարարության մեջ նշվում է, որ «բոլոր գույքերի, այդ թվում Ucom և IUnetworks ընկերությունների բաժնեմասերի վրա դրված է անօրինական կալանք»։

Խաչատրյանի և վարչապետի մամուլի քարտուղարի փոխադարձ մեղադրանքներից մի քանի օր անց ԱԱԾ–ն հայտարարեց Գուրգեն Խաչատրյանի կալանքի մտադրության մասին։ Դատարան ներկայացված միջնորդությունը բավարարվել էր, սակայն Խաչատրյանը թաքնվել էր, և նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։

Ընկերությունների մասին

Ucom (Universal Communications) հայկական ընկերությունը հիմնադրվել է 2007թ.–ին։ Այն, լինելով Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը, տրամադրում է ոլորտի ծառայությունների ողջ շրջանակը` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն, թվային հեռախոսակապ։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։–0–