Beeline-ը և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը մեկնարկում են «Ստարտափ ակումբներ» նախագիծը
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Beeline-ը և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը հայտարարում են «Ստարտափ ակումբներ» նախագծի գործարկման մասին։ Այս մասին հայտնում է Beeline-ի մամուլի ծառայությունը:
«Ստարտափ ակումբ»-ը կրթական նախաձեռնություն է, որի հիմնական նպատակն է օգնել մարզերում բնակվող պատանիներին բացահայտել ձեռներեցության իրենց հմտությունները և նպաստել նրանց սոցիալական պատասխանատվության զարգացմանը։
Ակումբները կգործեն Հայաստանի մի շարք համայնքներում՝ Ապարանում, Աշտարակում, Եղվարդում, Գավառում և սահմանամերձ Կոթիում ու Այգեհովիտում։
Ծրագրի մասնակիցները տարբեր նախասիրություններ ունեցող և ստարտափ մշակույթով հետաքրքրված 13-17 տարեկան շուրջ 150 պատանիներ են, ովքեր հնարավորություն են ստանալու նաև մասնակցելու տարածաշրջանի ստարտափ էկոհամակարգի խոշոր իրադարձություններից մեկին` «Սևան ստարտափ սամմիթ» 2020-ին։
«Մենք առաջին տարին չէ, որ իրականացնում ենք Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացմանը և երիտասարդների թվային գրագիտության բարձրացմանն ուղղված նախագծեր: Այս նախաձեռնությամբ այդ երկու խնդիրն էլ լուծում ենք միանգամից, քանի որ մեր պատանիները կստանան թե՛ թվային հմտություններ, թե՛ ներկա ժամանակներում բիզնես վարելու համար անհրաժեշտ գիտելիքներ», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Ստարտափ ակումբները հնարավորություն կտան պատանիներին հասկանալու, որ հնարավոր է հենց իրենց գյուղում, քաղաքում մնալով մասնակից դառնալ համաշխարհային տենդենցներին, ստարտափ գաղափարներ ստեղծել, դրանք իրականացնել, և՛ եկամուտներ ունենալ, և՛ ուրիշների կյանքը բարելավել» - ընդգծել է ծրագրի գլխավոր տնօրեն Արսեն Հարությունյանը։
Ստարտափ Ակումբը շեշտը դնում է մարզերի երիտասարդության զորեղացման, նրանց սոցիալական ներգրավվածության վրա։ Հայաստանում Beeline-ը ծրագրի շրջանակում հանդես է գալիս որպես ռազմավարական գործընկեր:
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։–0–