USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-9

Անհայտ անձինք շարքից դուրս են հանել Ucom-ի բջջային կայանն Արմավիրում

13.05.2020, 14:27
Այսօր վաղ առավոտյան պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք շարքից դուրս են հանել Արմավիրում գործող Ucom-ի 4G+ բջջային կապն ապահովող կայաններից մեկը
Անհայտ անձինք շարքից դուրս են հանել Ucom-ի բջջային կայանն Արմավիրում

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./ԱՌԿԱ/. Այսօր վաղ առավոտյան պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք շարքից դուրս են հանել Արմավիրում գործող Ucom-ի 4G+ բջջային կապն ապահովող կայաններից մեկը, հաղորդում է Ucom-ի մամուլի ծառայությունը։ 

Կտրված են դրա աշխատանքն ապահովող օպտիկական մալուխն ու հարակից լարերը, լրջորեն վնասված են կայանի տարբեր մասերը։ Բջջային կայանը տեղակայված է երկրում գործող մյուս օպերատորների բջջային կայանների անմիջական հարևանությամբ, որոնք անվնաս են մնացել։   

«Շարքից հանված է հենց Ucom-ի շարժական կապն ապահովող բջջային կայանը։ Անհայտ անձը կամ անձինք խոշոր չափի վնաս են պատճառել ընկերությանը և այդ քայլով՝ զրկել Արմավիրում բնակվող մեր բաժանորդներին կապի մեջ մնալու, առցանց կրթվելու և աշխատելու հնարավորությունից։ Իրավապահ մարմիններին հանցագործության մասին հաղորդում է տրվել, նախաքննությունն ընթանում է, շարժառիթները պարզվում են», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։

Հավելենք, որ բջջային կայանների կառուցման և տեխնիկական սպասարկման թիմն անմիջապես մեկնել է Արմավիր՝ կայանը վերականգնելու և ծառայությունների մատուցման բնականոն ընթացքն ապահովելու համար։ Ucom ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը ժամանակավոր անհարմարության համար։ 

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:–0–