Ալեքս Շութմանի վարպետության դասը՝ Beeline ստարտափ ինկուբատորում
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./ԱՌԿԱ/. Beeline ստարտափ ինկուբատորում կայացել է աշխարհի թոփ 10 գործադիր տնօրեններից մեկի՝ Ալեքս Շութմանի վարպետության դասը, հաղորդում է Beeline–ի մամուլի ծառայությունը։
Ամերիկացի գործարարը հանդիպել է ինկուբատորի ռեզիդենտ ստարտափների հիմնադիրներին և Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի /BANA/ ներդրողներին ու գործընկերներին:
«Workfront»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ալեքս Շութմանն ունի ավելի քան 25 տարվա ղեկավարման փորձ մի շարք տեխնոլոգիական ընկերություններում, որոնց թվում են՝ «IBM», «BMC» «Software», «Vignette» ընկերությունները, նաև «Apptio»-ն և «Eloqua»-ն, որոնք աշխատում են SaaS-ի ծրագրով:
Իր ելույթում Ալեքս Շութմանը կիսվել է մասնագիտական փորձով՝ խոսելով աշխատանքի կառավարման և աշխատանքային միջավայրում առաջնորդության մթնոլորտի կարևորության մասին: Նա կարևորել է կապը նոր տեխնոլոգիաների և աշխատանքի կառավարման միջև: Արդյունավետ աշխատանք ունենալու համար Շութմանը նաև կարևոր է համարում կառավարման մեջ հստակ սահմանել և ընթացքում զարգացնել մոտիվացիան և տեսլականը:
Ալեքս Շութմանը ներկայացրել է ներկայիս աշխատանքի կառավարման վերաբերյալ արդիական թեմաներից մեկը. «Թեև տեխնոլոգիական նորարարությունները բարձրացրել են աշխատանքի որակը, սակայն դեռևս կառավարման մեջ կան որոշ ասպեկտներ, որոնք լուրջ ուշադրության կարիք ունեն»:
«Հաջող բիզնես ունենալու համար շատ կարևոր է ճիշտ ղեկավարումը, և նման փորձառու մենեջերից խորհուրդներ ստանալը անգնահատելի է երիտասարդ ու սկսնակ գործարարների համար։ Վստահ եմ, որ այս և բազմաթիվ նման հանդիպումները խիստ օգտակար կլինեն մեզ Beeline ստարտափ ինկուբատորի թիմերի համար», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Beeline Ստարտափ Ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին առաջին քայլերը շուկայում անելու հարցում։ Ինկուբատորի նպատակն է` օգտագործելով իր բոլոր ռեսուրսները, նպաստել ստարտափների ինտենսիվ աճին, դրանով իսկ ապահովել ստարտափների ելքը միջազգային շուկա։ Նրանց տրամադրվում է աշխատանքային տարածք, կազմակերպվում են դասընթացներ և վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի վերաբերյալ։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–