USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

ԱՀ նախագահ. մոտ ժամանակներս ՀՀ-ում գործող կապի բոլոր օպերատորներին Արցախում գործունեություն ծավալելու հնարավորություն կտրվի (ՖՈՏՈ)

03.12.2020, 15:09
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է «Տելեկոմ Արմենիա» ընկերության տնօրեններ Հայկ և Ալեքսանդր Եսայանների գլխավորած պատվիրակությանը. ՖՈՏՈ
ԱՀ նախագահ. մոտ ժամանակներս ՀՀ-ում գործող կապի բոլոր օպերատորներին Արցախում գործունեություն ծավալելու հնարավորություն կտրվի (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է «Տելեկոմ Արմենիա» ընկերության տնօրեններ Հայկ և Ալեքսանդր Եսայանների գլխավորած պատվիրակությանը։ 

Այս մասին նախագահը հայտնել է Facebook–յան իր էջում։ 

«Աշխատանքային օրակարգի շրջանակում ընդունել եմ Beeline բրենդի ներքո գործող «Տելեկոմ Արմենիա» ընկերության տնօրեններ Հայկ և Ալեքսանդր Եսայանների գլխավորած պատվիրակությանը: Քննարկել ենք Արցախում հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր: Համաձայնություն ենք ձեռք բերել համագործակցության, որի շրջանակներում կցուցաբերվի տեխնիկական և մասնագիտական մեծածավալ օգնություն, ինչն էլ էականորեն կբարելավի կապի ոլորտի ծառայությունների որակը Արցախում», – նշել է Հարությունյանը։ 

Նա ավելացրել է, որ մոտ ժամանակներս ՀՀ-ում գործող կապի բոլոր օպերատորներին Արցախում գործունեություն ծավալելու հնարավորություն կտրվի: 

«Հանձնարարականիս համաձայն՝ Կառավարությունն այս ուղղությամբ իրականացնում է ինտենսիվ բանակցություններ, որոնք, ընդհանուր առմամբ, պետք է հաջողված համարել: Ուստի, կարող եմ հավաստիացնել, որ արդեն գալիք տարվա սկզբին կունենանք ՀՀ-ում մատուցվող կապի ոլորտի ծառայությունների որակին և գներին համարժեք կապ՝ բջջայինի պարագայում՝ առանց ռոումինգի հավելավճարի», – նշել է Արցախի նախագահը:

Հարությունյանը որպես հետգրություն ավելացրել է, որ վերջին շաբաթների ընթացքում տեխնիկական պատճառներով Արցախում առաջացած կապի խնդիրները մինչև օրվա ավարտ հիմնականում կլուծվեն:–0–