500 մլն դոլար կներդրվի ԱԲ տվյալների խոշոր կենտրոնի համար. 2027թ.-ից ՀՀ-ում հասանելի կլինեն Firebird AI ընկերության հաշվողական ռեսուրսները
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը 2027 թ.-ից հայ մասնագետների համար հասանելի կդարձնի Firebird AI ընկերության հաշվողական ռեսուրսներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ ծանոթանալու գերատեսչության 2025 թվականի գործունեության արդյունքներին և առաջիկա ծրագրերին:
Քննարկման առանցքում եղել են արհեստական բանականության ներդրումը, թվայնացման ռազմավարությունը և խոշոր ներդրումային նախագծերը:
Նախարար Մխիթար Հայրապետյանը զեկուցել է, որ միջազգային հսկաների՝ Amazon Web Services (AWS) և Mistral AI-ի հետ համագործակցությամբ արդեն գործարկվել է Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը (ai.gov.am): Հարթակը հնարավորություն կտա ուսանողներին և ստարտափներին սուբսիդավորվող տարբերակով օգտվել գերհամակարգչային հզորություններից:
Առանձնահատուկ ուշադրության է արժանացել Firebird AI ընկերության ծրագիրը, որը նախատեսում է շուրջ 500 մլն դոլար ներդնել Հայաստանում՝ ԱԲ տվյալների խոշոր կենտրոն (data-center) հիմնելու համար: Արդեն 2027 թվականից հայ մասնագետների համար հասանելի կլինեն ընկերության հաշվողական ռեսուրսները:
2025 թվականի ընթացքում «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի շրջանակում տնտեսվարողներին տրամադրվել է 8.76 մլրդ դրամի աջակցություն: Գումարն ուղղվել է նոր աշխատողների ներգրավմանը և մասնագետների վերապատրաստմանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ թվայնացումը պետք է մնա բոլոր գերատեսչությունների անփոփոխ առաջնահերթությունը.
«Չի կարող լինել այնպիսի գերատեսչություն, որտեղ թվայնացումն առաջնահերթությունների ցանկում չէ», - հայտարարել է կառավարության ղեկավարը:
Նախարարը հայտնել է նաև հեղափոխական նորության մասին։ ԱԲ տեխնոլոգիաները (ձայնից տեքստ և հակառակը) կներդրվեն պետական զանգերի կենտրոններում: 2026թ. առաջին կիսամյակում կստեղծվի հարթակ, որտեղ քաղաքացիները կկարողանան ԱԲ-ի միջոցով վայրկյանների ընթացքում ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:
Տեխնոլոգիական ձեռքբերումների թվում նշվել է նաև Starlink արբանյակային ինտերնետի հաջող մեկնարկը, որը 2025թ. մարտից ապահովում է բարձր արագությամբ կապ նույնիսկ Հայաստանի ամենահեռավոր բնակավայրերում:
Հանդիպման ավարտին նշվել է, որ Plug and Play միջազգային աքսելերատորի հետ կնքված եռամյա պայմանագրի շրջանակում տասնյակ հայկական ստարտափներ կստանան միջազգային մենթորություն: Իսկ Բարձր տեխնոլոգիաների զարգացման նոր ռազմավարական ծրագիրը պատրաստ կլինի հաստատման 2026 թվականի առաջին կիսամյակում:
500 միլիոն դոլար արժողությամբ տվյալների կենտրոնի նախագծի մասին
ՀՀ կառավարությունը, NVIDIA-ն, Firebird-ը և Team Group-ը միավորում են ջանքերը՝ տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգիչը և տվյալների մշակման կենտրոնը ստեղծելու համար, որը կաշխատի արհեստական բանականությամբ (AI):
Հայաստանում արհեստական բանականության տվյալների կենտրոնի 500 միլիոն դոլար արժողությամբ նախագիծը կդառնա նորարարության, կրթության, գիտության և ձեռներեցության հարթակ՝ խթանելով տեղական և միջազգային ստարտափերի զարգացումը, նպաստելով գիտության և տեխնոլոգիաների միջև կապին և Հայաստանը վերածելով տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոնի՝ արհեստական բանականության զարգացման իրական վայրի։ Սա արմատապես կփոխի տարածաշրջանի տեխնոլոգիական քարտեզը։
Սարքավորումները կգնվեն NVIDIA-ից, որը նմանատիպ սարքավորումների առաջատար արտադրողն է աշխարհում, իսկ տվյալների կենտրոնը կպատկանի նորաստեղծ Firebird ընկերությանը։ Այլ մասնակիցների թվում է Dell-ը։ Նախագծի շրջանակում, որի գործարկումը նախատեսված է 2026թ․–ին, կտեղադրվեն NVIDIA–ի Blackwell GPU հազարավոր միկրոպրոցեսորներ և կստեղծվի ավելի քան 100Մվտ հզորությամբ ենթակառուցվածք։