USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

25 տարի բեմում. կայացել է «Փարոս» կամերային երգչախմբի հոբելյանական համերգը

01.11.2018, 13:20
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում կայացել է «Փարոս» կամերային երգչախմբի հոբելյանական համերգը:
25 տարի բեմում. կայացել է «Փարոս» կամերային երգչախմբի հոբելյանական համերգը

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում կայացել է «Փարոս» կամերային երգչախմբի հոբելյանական համերգը: 

Իր տեսակի մեջ եզակի` ներառական այս երգչախումբը, որի երգիչների մեծ մասը հաշմանդամություն ունեցող՝ այդ թվում սայլակավոր մարդիկ են, անցել է ստեղծագործական կայացման երկար ուղի: Խումբը ստեղծվել է 25 տարի առաջ` Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնում: 

Այն սահմանել է կարևոր նպատակ. ապահովել հոգեբանական ռեաբիլիտացիա՝ սայլակի օգնությամբ տեղաշարժվող անձանց համար: «Ունիսոն» հասարակական կազմակերպությանը կից գործող «Փարոսն» արդեն հանրության մեծ ճանաչման արժանացած երգչախումբ է: 

«Փարոս» կամերային երգչախմբի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Երգչախմբին մշտական աջակցություն են ցուցաբերել նաև «Փարոս» հիմնադրամը, Քուլհանջյան - Շտրաուխ ընտանիքը (ԱՄՆ) և Հայկական Կարմիր Խաչի «Գրացիա» միջազգային հետվնասվածքային վերականգնողական կենտրոնը: 

«Երգչախմբի առաքելությունն է ոչ միայն պատվով ներկայացնել մեր մշակույթը, այլև լինե­լով ակտիվ, անկախ և արժանավայել կյանքի փարոս ու ջատագով՝ օրինակ ծառայել Հայաստանում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց: Այդ նպա­տակների իրաց­մանը մեծապես նպաստել են մեզ աջակցողները։ Պատահական չէ, որ 2011թ.-ից սկսած, երբ երգչախմբի գլխավոր գործընկերոջ դերը ստանձնեց ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «Փարոսը» գրանցեց աննախադեպ ստեղծագործական աճ, դարձավ միջազգային հեղինա­կավոր մրցույթների դափնեկիր և նվաճեց բազմաթիվ պարգևներ ու մեդալներ», - ասել է «Ունիսոն» ՀԿ և «Փարոս» կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Ալավերդյանը։ 

«Կյանքը մարտահրավեր է. գեղեցիկ ապրելու, դժվարություններ հաղթահարելու, ստեղծելու, նպատակներ սահմանելու և դրանք իրականացնելու «շղթա»: Այս բեմում նման սկզբունքով առաջնորդվող մարդիկ են: Նրանք ոչ միայն չեն ընկրկել կյանքի բերումով ստեղծված դժվարությունների առաջ, այլև գտել են խնդիրները հաղթահարելու յուրահատուկ միջոց՝ երաժշտության լեզուն: Այն կամքը, որը տարիներ շարունակ դրսևորում է երգչախմբի յուրաքանչյուր անդամ, կյանքն իրապես սիրող, ուժեղ մարդու մոտեցում է: Երգչախմբի 25-ամյա ձեռքբերումները կարևոր են և հուսամ՝ շարունակական: Մեր գործընկերությունը շարունակվելու է նաև հաջորդ տարի», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Փարոսը» թողարկել է 5 ձայներիզ, ելույթներով հանդես է եկել Հայաստանի, Արցախի և արտերկրի բեմերում (Լիբանան, Վրաստան, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Ֆրանսիա, Ավստրիա, Սլովակիա, Լատվիա, Ռուսաստան)։ 

Հոբելյանական համերգի կայացմանն աջակցել են ՀՀ մշակույթի նախարարությունը և «Փարոս» հիմնադրամը: Ծրագրում ընդգրկվել են Ա.Խաչատրյանի, Ա.Վիվալդիի, Ջ.Վերդիի, Կ.Օրֆի և Խ.Ավետիսյանի ստեղծագործությունները։ «Փարոս» երգչախմբի հետ ներկայացել են նաև Օպերայի և բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը, ինչպես նաև «Նարեկացի» նվագախումբը։  

«Փարոսը» հիմնադրվել է 1993 թվականին: 2002թ.-ից գործում է «Ունիսոն» հասարակական կազմակերպությանը կից: 1993-2008թթ. երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը եղել է Վաչագան Նավասարդյանը, 2009թ.-ից մինչև օրս՝ Րաֆֆի Միքայէլեանն է: 

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել www.mts.am։–0–