«100 վայրկյան» նախագիծն աշխարհին կներկայացնի Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանց վկայությունները
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Երկուշաբթի Երևանում մեկնարկած «100 վայրկյան» նախագիծն աշխարհին կներկայացնի Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանց վկայություններ։
«100 վայրկյան» նախագիծն ընդգրկում է 24 տեսահոլովակ, որոնցում ներկայացված են հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանց` Հայաստանի ազգային արխիվի հրապարակած վկայություններ։ Տարբեր երկրների հայտնի մարդկանց, գրողներին, երաժիշտներին, դերասաններին, լրագրողներին առաջարկվել է ընթերցել հուշերի հատվածներ։
«100 վայրկյանը» յուրահատուկ նախագիծ է, որը պետք է հիշեցնի աշխարհին հայոց պատմության սարսափելի էջի մասին։ Մենք շնորհակալ ենք տարբեր ազգերի ներկայացուցիչներին, ովքեր մասնակցեցին նախագծին և դրանով իսկ ապացուցեցին, որ դա միայն հայության խնդիրը չէ»,– ասաց VivaCell-MTS–ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ըստ նրա, նախագծի միջոցով Հայաստանը դիմում է քաղաքակիրթ աշխարհին` կոչ անելով միշտ հիշել և դատապարտել ցեղասպանությունները։ Հիշեցնել բոլորին, որ ցեղասպանությունների չդատապարտումը դրանց կրկնության խրախուսումն է։
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի միջոցառումների համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար
Վիգեն Սարգսյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումն իրականացվում է չորս հիմնասյուների շուրջ՝ հիշողություն, երախտագիտություն, միջազգային պայքար և վերածնունդ, այսինքն Ցեղասպանությունից հետո անցած ուղու գնահատումը։
«100 վայրկյան» նախագիծը մեծ ներդրում ունի հատկապես հիշողություն բաժնի առումով, և մենք կարծում ենք, որ վերապրողների և ականատեսների պատմությունների տարածումը բացառիկ նշանակություն ունի՝ ցեղասպանություն հասկացությունն ընդհանուր կոնցեպտից անհատական պատմությունների մակարդակի բերելու տեսանկյունիցˋ այդ կերպ ցույց տալով, թե ինչպես է այդ հանցագործությունը մուտք գործել յուրաքանչյուր գյուղ, ընտանիք, համայնք»,- ասաց Սարգսյանը:
Ամեն օր Համացանցում կներկայացվի մեկական տեսահոլովակ, իսկ վերջինը կցուցադրվի ապրիլի 23–ին։ Նախագիծն իրականացնում են VivaCell-MTS–ը, Մեդիամաքսը և «Թումո Դիզայն» ընկերությունը։ -0-