IP հեռախոսակապը Հայաստանի կապի շուկայում ամենահեռանկարային ուղղություններից մեկն է. Սադոյան
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. IP հեռախոսակապը Հայաստանի կապի շուկայում ամենահեռանկարային ուղղություններից մեկն է, և հանրապետությունում դրա ծառայությունների հասանելիությունն անհրաժեշտ է ընդլայնել, հայտնեց Ձեռներեցության և սպառողների իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանը։
«Անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել բնակչությանը, հատկապես հանրապետության հեռավոր մարզերում, որակյալ և հասանելի հեռահաղորդակցական ծառայություններ հատկացնելու համար»,– երեքշաբթի բնակչության համար հեռահաղորդակցական ծառայությունների հասանելիության բարձրացումը թեմայով Հանրային խորհրդի և «Ազգային համագործակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկման ժամանակ ասաց նա։
Ըստ Սադոյանի` IP հեռախոսակապի համակարգերի կիրառումը թույլ է տալիս կապի օպերատոր ընկերություններին զգալիորեն նվազեցնել զանգերի արժեքը (հատկապես միջազգային) և հեռախոսակապն ինտեգրել Ինտերնետի ծառայությունների հետ, ինտելեկտուալ ծառայություններ հատկացնել։
«Բացի այդ, տնտեսվարող սուբյեկտների համար հեռահաղորդակցական ծառայությունների հասանելիության բարձրացումը և նրանց կողմից ծառայությունենրի նոր տեսակների օգտագործումը թույլ կտա առավել արդյունավետորեն առաջ մղել իրենց ապրանքը և բարձրացնել շահույթը»,–նշեց նա։
Հանձնաժողովի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ Հանրային խորհուրդը հրավիրել է բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցել Հայաստանում IP հեռախոսակապի զարգացման արդյունավետության գնահատականի համար նախատեսված մոտեցումների մշակմանը։
Միաժամանակ Սադոյանն ընդգծեց բնակչության լայն շերտերի համար WI-FI կիրառման հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտությունը` տեղեկացնելով, որ այսօրվա դրությամբ Երևանում արդեն շուրջ 40 հազար WI-FI կետ կա։
Ներկա պահին Հայաստանում շուրջ 120 ընկերություն ձայնային կապի (IP հեռախոսակապ) և ինտերնետի ծառայությունների հատկացման արտոնագիր ունի, իսկ շուրջ 70–ը` կապի ցանցերի շինարարության և շահագործման արտոնագիր։ –0–