Ո՞վ է վերահսկում մեր ավտոբուսները․ փորձագետը մտահոգություն է հայտնել չինական արտադրության ավտոբուսների վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբեր․/ԱՌԿԱ/. Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Պապյանը Facebook-ի իր էջում մտահոգություն է հայտնել չինական արտադրության տրանսպորտային միջոցների վերաբերյալ։
Նա նշել է, որ վերջին շաբաթներին միջազգային մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ չինական Yutong Group ընկերության արտադրած որոշ էլեկտրական ավտոբուսներ տեսականորեն հնարավոր է հեռակառավարել կամ կանգնեցվել արտադրողի կողմից։
Փորձագետի խոսքով, փորձարկումները ցույց են տվել, որ ավտոբուսների համակարգերը ունեն հեռակա հասանելիություն բջջային ցանցի միջոցով՝ առաջացնելով լուրջ կիբեռանվտանգության և պետական վերահսկողության հարցեր։
«Ավտոբուսը մեծ ու վտանգավոր տրանսպորտային միջոց է, և եթե այն հնարավոր է հեռվից կառավարել, հաքերները հաստատ դրա ձևը գտնելու են ու այդ ավտոբուսները կարող են դառնալ վտանգավոր զենք»,-գրել է նա՝ հավելելով, որ այս փաստերի կապակցությամբ Նորվեգիայի և Դանիայի իշխանությունները հետաքննություններ են սկսել։
Փորձագետը հիշեցրել է, որ Երևանի հանրային տրանսպորտում նույնպես գործում են Չինաստանում արտադրված ավտոբուսներ՝ մասնավորապես Zhongtong Bus Holding Co., Ltd. և ավելի վաղ ներկրված Higer Bus Company Limited մոդելներ։
«Այս ավտոբուսներից մի քանիսը համալրված են առցանց հետևման համակարգերով, որոնք քաղաքացիներին թույլ են տալիս իրական ժամանակում տեսնել երթուղիները։ Ասեմ, որ առայժմ հրապարակային ապացույցներ չկան, որ Երևանի ավտոբուսները կարելի է հեռակա կարգով կանգնեցնել կամ կառավարել արտադրողի կողմից»,-նշել է նա։
Նրա խոսքով, այնուամենայնիվ հարցը մնում է բաց, թե
-Ո՞վ ունի իրական վերահսկողությունը մեր քաղաքների տրանսպորտային միջոցների վրա։
-Արդյո՞ք տեղական տրանսպորտային կառույցները կարող են ստուգել՝ արդյո՞ք կա որևէ հեռակա հասանելիություն։
-Պե՞տք է արդյոք Հայաստանը, ինչպես եվրոպական երկրները, կիբեռանվտանգության աուդիտ իրականացնեն ներկրված «խելացի» տրանսպորտային միջոցների նկատմամբ։
«Վերջին տարիներին նաև Հայաստան են ներկրվում ահռելի քանակությամբ էլեկտրական մեքենաներ։ Դրանցից՝ օրինակ Tesla֊ները, մեծ թվով խոցելիություններ ունեն և 2023֊ի Pwn2Own հաքերային մրցույթի ժամանակ Tesla-ն կոտրելու ու հեռվից կառավարելու համար ընդամենը 2 րոպե էր պահանջվել։ Հայտնի ու անհայտ բազմաթիվ չինական արտադրողների մեքենաների մասին էլ չխոսեմ։ Կարծում եմ ժամանակն է հարցնելու՝ իսկ մենք իրո՞ք գիտենք՝ ինչ է կա մեր մեքենայի շարժիչի տակ, ով և որտեղից է այն կառավարում»,-հայտնել է փորձագետը։