USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Տվյալների փոխանցման արագությունը հասել է 43 Տերաբայթ վայրկյանի

01.08.2014, 14:33
Դանիայի տեխնիկական համալսարանի հետազոտողները կարողացել են իրականացնել 43 Տբիթ/վրկ արագությամբ տվյալների փոխանցում` օգտագործելով մեկ օպտիկամանրաթելային մալուխ և մեկ լազերային տրանսմիտեր։
Տվյալների փոխանցման արագությունը հասել է 43 Տերաբայթ վայրկյանի

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Դանիայի տեխնիկական համալսարանի հետազոտողները կարողացել են իրականացնել 43 Տբիթ/վրկ արագությամբ տվյալների փոխանցում` օգտագործելով մեկ օպտիկամանրաթելային մալուխ և մեկ լազերային տրանսմիտեր։

Նշված արագությունը համարժեք է 5.4 ՏԲ/վրկ–ին, այսինքն, օրինակ, թույլ է տալիս 1 ՏԲ ծավալով կոշտ սկավառակի ամբողջ պարունակությունը տեղափոխել վայրկյանի մեկ հինգերորդի ընթացքում կամ 1 ԳԲ ծավալով ֆայլը կրկնօրինակել 0.2 միլիվայրկյանում, հաղորդում է cnews.ru–ն։

Տվյալների փոխանցման` դանիացի գիտնականների սահմանած արագությունն այսօր ռեկորդ է համարվում։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր Գերմանիայի Կարլսռուե տեխնոլոգիական համալսարանում (32 Տբիթ/վրկ)։

Նոր ռեկորդի հասնելու համար DTU գիտնականներն օգտվել են նոր մանրաթելային մալուխից, որը մշակել են NTT ճապոնական հեռահաղորդակցային ընկերության գործընկերները։ Այն պարունակում է 7 միջնաձող` ժամանակակից մալուխների մեկի փոխարեն։ Չնայած մեծ թվով միջնաձողերին` մալուխն ունի նույն տրամագիծը, ինչ ժամանակակից մալուխները։

DTU–ն պաշտոնական հաղորդագրության մեջ նշել է, որ իրենց ձեռքբերումը թույլ կտա ավելացնել տվյալների փոխանցումը և նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումն ինտերնետի հենակետային ցանցերում; Նման արագություն շարքային սպառողներին պետք չէ։ -0-