Տեսախաղերը օգնում են կատարելագործել երեխաների ընթերցանության ունակությունները
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. Ակտիվ տեսախաղերը, որոնք արձագանքման բարձր արագություն և տեսողական կոորդինացիա են պահանջում, երբեմն կարող են ավելի շատ օգնել ընթերցանության հետ կապված խնդիրներ ունեցող երեխաներին, քան կրթության ավանդական մեթոդները, գրում է digit.ru –ն` վկայակոչելով Իտալիայի գիտնականներին, որոնց աշխատանքը հրապարակված է Current Biology հանդեսում։
«Ակտիվ տեսախաղերն անդրադառնում են տեսողական ուշադրության շատ կողմերի վրա` հիմնականում բարելավելով շրջակա միջավայրից տեղեկատվություն ստանալու գործընթացը»,– Պադուայի համալսարանից և Իտալիայի Բոսիսիո Պարինիի անվան Մեդեա գիտինստիտուտից Անդրեա Ֆազետիի խոսքը մեջբերվում է Cell Press հրատարակչական տան հաղորդագրության մեջ։
Ըստ հեղինակի` դիսլեկսիա (ընթերցանության խախտում) ունեցող երեխաները տեսախաղերի օգնությամբ սովորում են ավելի արդյունավետորեն ուղղել և կենտրոնացնել ուշադրությունը, որպեսզի ավելի արագ գրավոր տեքստից ստանան անհրաժեշտ տեղեկատվությունը։
Գիտնականները նշում են, որ տեսողական ուշադրության պակասն ընթերցանությունն առավել բարդ գործընթաց է դարձնում յուրաքանչյուր տասներորդ երեխայի համար։ Սակայն դեռ տեսախաղերն ընդգրկված չեն նման երեխաների համար թերապևտիկ և ուսուցանող ծրագրերում։ –0–