ՀԲ-ն Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման մեծ հեռանկարներ է տեսնում
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ՏՏ ոլորտը զարգացման մեծ ներուժ ունի՝ շնորհիվ հայ մասնագետների կրեատիվության, հայտարարել է Համաշխարհային բանկի ծրագրերի ավագ մասնագետ Սանդրա Սարջենթը (Sandra Sargent):
«Աշխատելու ցանկության և կրեատիվության ոգու առկայության դեպքում կարելի է կրթական բազա ապահովել, սակայն միայն կրթական բազայի առկայությունն առանց կրեատիվության բավարար չէ ՏՏ ոլորտի հաջող զարգացման համար», - ասել է Սարջենտը ուրբաթ Համաշխարհային բանկի «Հայաստանի ՏՏ հմտությունների գնահատում» զեկույցի քննարկման շրջանակներում:
Հետազոտության համաձայն` տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտն առավել արագ զարգացողներն են։ 2006թ-ից ի վեր հիշյալ ոլորտը` առանց ինտերնետ ծառայություններ մատուցողների, աճել է 22% ՏԱՏՏ-ով` 2013թ-ին ապահովելով ԱՄՆ 294 միլիոնի ընդհանուր արդյունք:
Ոլորտում գործող ընկերությունների ընդհանուր թիվը հասել է մոտ 380-ի, իսկ աշխատողների թիվը` 8,000-ի: Ընկերությունների մոտ 13%-ը գործում է բարձր տեխնոլոգիաների տիրույթում, մինչդեռ մնացածը հանդիսանում են ՏՏ ընկերություններ:
Սարջենթը նշել է, որ ողջ աշխարհում ՏՏ ոլորտի մասնագետների կարիք կա, սակայն Հայաստանում այդ կարիքն ավելի սուր է՝ հաշվի առնելով երկրի ոչ մեծ չափերն ու քիչ աշխատուժը, ինչպես նաև այն պատճառով, որ Հայաստանը պետք է բավարարի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաների պահանջարկը:
«Միակ հասանելի լուծումը Հայաստանում ՏՏ ոլորտի աշխատակիցների որակի բարձրացումն է: Ուսումնասիրելով ՏՏ ոլորտի մասնավոր հատվածի պահանջներն ու կրթական հաստատությունների հնարավորությունները՝ ՀԲ-ն հույս ունի նպաստելու նրանց միջև կապերի ամրապնդմանը», - կարծում է ՀԲ ներկայացուցիչը:-0-