Հայաստանը ՀԱՊԿ հովանու ներքո համակարգչային բիաթլոնի կմասնակցի 2015թ.–ի ապրիլին
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. Համակարգչային բիաթլոն կանցկացվի ՀԱՊԿ հովանու ներքո 2015 թվականի ապրիլին, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀԱՊԿ համալսարանական լիգայի գործադիր տնօրեն Իգոր Պանարինը։
«2015 թվականի ապրիլին Եվրասիական երիտասարդական 6–րդ ֆորումի շրջանակում կանցկացվեն նոր մրցումներ` համակարգչային բիաթլոն։ Դրան կմասնակցեն երիտասարդ մասնագետներ, ՀԱՊԿ անդամ երկրների ՏՏ ոլորտի ուսանողներ։ Հույս ունենք, որ միջոցառումը, որը կանցկացվի ՀԱՊԿ հովանու ներքո և որի կազմակերպմամբ կզբաղվեն Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանն ու Մոսկվայի ռոբոտաշինության և ինֆորմատիկայի պետական համալսարանը, հաջող կանցնի»,– հինգշաբթի ասաց նա Երևանում «Եվրասիական անվտանգության արդիական խնդիրներ» թեմայով քննարկման ընթացքում։
Ըստ նրա` դրանք կլինեն առաջին մրցումները, որոնք կանցկացվեն ՀԱՊԿ և հայրենական կառույցների հովանու ներքո, քանի որ նմանատիպ մրցումներն անցնում են, հիմնականում, կառուցվածքային արևմտյան ստորաբաժանումների, այդ թվում, ԱՄՆ–ի ազգային անվտանգության գործակալության հովանու ներքո։
ՀԱՊԿ–ն ստեղծվել է ԱՊՀ անդամ երկրների կողմից 1992 թվականի մայիսի 15–ին կնքված հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա։ ՀԱՊԿ անդամներն են` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ Ուզբեկստանը 2012 թվականի վերջին հայտարարել է, որ դադարեցնում է կազմակերպության գործունեությանն իր մասնակցությունը։ -0-