Կիբեռանվտանգության ոլորտի բարեփոխումներ և ԵՄ NIS2 դիրեկտիվի մոտարկում. Հայաստան-ԵՄ գործակցության առաջնահերթությունները 2026 թ.-ին
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի․/ԱՌԿԱ/․ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի գլխավորությամբ մարտի 18-ին տեղի է ունեցել «Համագործակցություն՝ հանուն կիբեռանվտանգության ամրապնդման» (Partnership for Strengthening Cybersecurity) ծրագրի շրջանակում ձևավորված Կառավարման հանձնաժողովի 2-րդ նիստը։
Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։
Նշվում է, որ նիստին մասնակցել են նաև Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Լարս Հեննիգը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության կիբեռ արտաքին քաղաքականության և կիբեռանվտանգության համակարգման բաժնի ղեկավար Ֆելիքս Քրոլը, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի Միջազգային օգնության և համագործակցության պատասխանատու Ստեֆանո Գուարդատին։
Սիմոնյանն ընդգծել է, որ կիբեռանվտանգությունն այսօր առանցքային առաջնահերթություն է՝ թե՛ ազգային անվտանգության ապահովման, թե՛ թվային տնտեսության կայուն զարգացման տեսանկյունից։
Նախարարի տեղակալի խոսքով՝ Հայաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում ոլորտի զարգացման ուղղությամբ՝ ներդնելով համակարգային լուծումներ և ամրապնդելով ինստիտուցիոնալ կարողությունները։
Նախարարի տեղակալը բարձր է գնահատել GIZ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ ծրագիրն էականորեն նպաստում է ոլորտային բարեփոխումների իրականացմանը, տեղական կարողությունների հզորացմանն ու միջազգային առաջադեմ փորձի ներդրմանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վերջերս ընդունված «Կիբեռանվտանգության մասին» ՀՀ օրենքին։ Ընդգծվել է, որ այն ամուր հիմքեր է ստեղծում ոլորտի զարգացման համար՝ ամրապնդելով կիբեռպաշտպանության մեխանիզմներն ու բարելավելով կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանվածության մակարդակը։
Կարևորվել է նաև ՀՀ- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում ստանձնած հանձնառությունը՝ Եվրոպական միության NIS2 դիրեկտիվի դրույթների մոտարկման ուղղությամբ։
Որպես 2026 թվականի համագործակցության հիմնական ուղղություններ՝ մատնանշվել են ոլորտի մասնագետների կարողությունների հզորացումը, օրենսդրական դաշտի լրամշակումը՝ գործառնական համակարգերը ԵՄ NIS2 դիրեկտիվի սկզբունքներին համապատասխանեցնելու նպատակով, ինչպես նաև տարածաշրջանային ու եվրոպական գործընկերների միջև վստահության մթնոլորտի ձևավորումը։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պետական, միջազգային և մասնավոր հատվածների սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ հանուն կիբեռանվտանգության ազգային համակարգի ամրապնդման:
Ծրագիրն իրականացնում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)՝ Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ և Եվրոպական միության համաֆինանսավորմամբ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ սերտ համագործակցությամբ։ Նախաձեռնության իրականացման գործընկերն է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը (ISAA)»: