Հայաստանում թվային խաղերի ոլորտը կկարգավորվի մեկ օպերատորի կողմից
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/ԱՌԿԱ/․Գործադիրը նոր կարգավորումներ է առաջարկում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում և կից մի շարք օրենքներում։
Այս մասին նախօրեին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։
Ըստ նախագծի՝ Պետական եկամուտների կոմիտեն, միջգերատեսչական հանձնաժողովի միջոցով, իրականացնում է խաղային օպերատորի ընտրության մրցույթ: Նախատեսվում է 15 տարի ժամկետով ներգրավել մասնագիտացված օպերատոր, որի գործառույթը կլինի ոլորտի գործունեության թվային կարգավորումը:
Մասնավորապես, ստեղծվելու է միասնական թվային ենթակառուցվածք, որն ինտեգրվելու է բոլոր գործող օպերատորների հետ՝ հնարավորություն տալով ստանալ համապարփակ տեղեկատվություն ոլորտում կատարվող բոլոր գործողությունների վերաբերյալ, ինչն այս պահին բացակայում է:
«Երբեմն որոշ անբարեխիղճ մասնակիցներ փորձում են դատական գործընթացներով խոչընդոտել մրցույթի անցկացումը: Նման իրավիճակներից խուսափելու համար թե՛ «Գնումների մասին», թե՛ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքների կարգավորումները տրված են Քաղաքացիական դատավարության օրենսգրքով», -նշել է Գևորգյանը՝ ընդգծելով, որ ըստ այդմ՝ պետություն-մասնավոր գործընկերության մրցույթի դեպքում դատարանը չի կարող կիրառել հայցի ապահովման այնպիսի միջոց, որի արդյունքում մրցութային գործընթացը կկասեցվի:
Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն անդրադարձել է նաև Հայաստանում չգրանցված և ապօրինի գործող ընկերությունների գովազդի կանոնների խախտման, ինչպես նաև դրանց կայքերի հասանելիության սահմանափակման հարցերին:
Գևորգյանը նշել է, որ ինտերնետի լայն հասանելիության պայմաններում բարդ է սահմանափակել ապօրինի օնլայն խաղատների գործունեությունը: Նա տեղեկացրել է, որ ՊԵԿ-ում արդեն քննարկվել են այս կիսամյակի առաջնահերթությունները, որոնց շրջանակում ներկայացվել է օնլայն խաղատների ստվերային շուկայի վերահսկողությանն ուղղված նախաձեռնություն, որը նախատեսում է եռաշերտ պաշտպանություն:
Քննարկումների արդյունքում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել քննարկվող հարցի վերաբերյալ: