USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+17

Հայաստանի բջջային օպերատորները պարտավոր են մանրամասն ֆինանսական հաշվետվություն ներկայացնել բաց հասանելիությամբ

28.09.2011, 17:34
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) նիստի ժամանակ որոշում է կայացրել, ըստ որի՝ այսուհետ հանրապետության բջջային կապի բոլոր օպերատորները պարտավոր են յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ բաց հասանելիությամբ ընդլայնված ֆինանսական և տեխնիկակ
Հայաստանի բջջային օպերատորները պարտավոր են մանրամասն ֆինանսական հաշվետվություն ներկայացնել բաց հասանելիությամբ

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) նիստի ժամանակ որոշում է կայացրել, ըստ որի՝ այսուհետ հանրապետության բջջային կապի բոլոր օպերատորները պարտավոր են յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ բաց հասանելիությամբ ընդլայնված ֆինանսական և տեխնիկական հաշվետվություն ներկայացնել:

«Բջջային օպերատորների ֆինանսական և տեխնիկական գործունեության արդյունքների բաց հրապարակման մասին որոշումն ավելի վաղ արդեն կայացվել էր, և ընկերությունները յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ բաց հասանելիությամբ հաշվետվություններ են տեղադրել: Այժմ այդ գործընթացն առավել թափանցիկ և մանրամասն բնույթ կկրի»,- նիստի ժամանակ հայտնել է Հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը:

Ըստ Գևորգյանի՝ ՀԾԿՀ-ի որոշման համաձայն, բջջային օպերատորների՝ՎիվաՍել-ՄՏՍ-ի, «ԱրմենՏելի» (ապրանքանիշը՝ Beeline) և Orange Armenia-ի պաշտոնական կայքերում մանրամասն հաշվետվություններ կներկայացվեն ընկերությունների շահույթի և ծախսերի ցուցանիշների մասին:

Միաժամանակ, չնայած կայացրած որոշմանը, բջջային օպերատորներից ոչ մեկը տվյալ պահին իր պաշտոնական կայքում նման հաշվետվություն չի ներկայացնում բաց հասանելիությամբ:

VivaCell-MTS-ը գործում է հայկական շուկայում 2005 թ.-ից: VivaCell-MTS-ի բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում բջջային կապի խոշորագույն օպերատոր «Բջջային հեռահամակարգեր» (ՄՏՍ) ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է Fattouch Group լիբանանյան ներդրումային խմբին:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ:

«Orange Armenia»-ն France Telecom-ի (ապրանքանիշը՝ Orange) 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009 թ.-ի նոյեմբերի 5-ին՝ հանրապետության 500 համայնքներում ապահովելով ցանցի 83 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի հասանելիություն, ինչպես նաև ինտերնետ-հասանելիություն: Ընկերության 3G ցանցն այսօր ծածկում է Հայաստանի բնակչության ավելի քան 90 տոկոսը: -0-