USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+16

ՏՄՊՊՀ-ն «ԱրմենՏել» ընկերության նկատմամբ վարչական վարույթ է հարուցել՝ գերիշխող դիրքը չարաշահելու կապակցությամբ

14.09.2011, 18:19
ՀՀ ՏՄՊՊՀ-ն երեքշաբթի կայացած նիստում «ԱրմենՏել» ընկերության նկատմամբ վարչական վարույթ է հարուցել՝ բջջային կապի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու հետ կապված:
ՏՄՊՊՀ-ն «ԱրմենՏել» ընկերության նկատմամբ վարչական վարույթ է հարուցել՝ գերիշխող դիրքը չարաշահելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ՏՄՊՊՀ-ն երեքշաբթի կայացած նիստում «ԱրմենՏել» ընկերության նկատմամբ վարչական վարույթ է հարուցել՝ բջջային կապի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու հետ կապված:

2011թ.-ի մայիսի 27-ին, «Յուքոմ» ընկերությունը  դիմել է Հանձնաժողով` դժգոհություն հայտնելով, որ «ԱրմենՏելը» իր բջջային ցանցից դեպի «Յուքոմ» ընկերության ֆիքսված ցանց կատարվող զանգերի սակագինը սահմանել է 99 դրամ՝ բոլոր սակագնային պլանների դիմաց, մինչդեռ իր ֆիքսված ցանց զանգահարելու դեպքում 1 րոպեի արժեքը, կախված սակագնային պլանից, կազմում է 29,99 դրամ, 39 դրամ և 59 դրամ:
Ըստ «Ucom»-ի՝ «ԱրմենՏելի» նման  գործելաոճը առաջացնում է բաժանորդների դժգոհությունը և խոչընդոտում է շուկայում առողջ մրցակցային մթնոլորտի ձևավորմանը` ստիպելով բաժանորդներին հրաժարվել իրենց կողմից առաջարկվող ծառայություններից:

Տվյալ փաստի առթիվ ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ է հարուցել: ՏՄՊՊՀ ուսումնասիրությունների արդյունքները վկայում են, որ «Շարժական կապի գլոբալ համակարգի (GSM) ծառայություններ» ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող «ԱրմենՏել» ընկերության կողմից սահմանվել է խտրական գին՝ շուկայում առաջացնելով անհավասար մրցակցային պայմաններ: Հանձնաժողովի դիտարկմամբ, «ԱրմենՏելն» ունի որոշիչ դեր, քանի որ  վերոնշյալ  շուկայի ընդհանուր հասույթի մոտ 98 տոկոսը պատկանում է իրեն, իսկ բաժանորդների քանակը կազմում է 99 տոկոս:

Հիմնվելով այս տվյալների վրա, ՏՄՊՊՀ-ն որոշում է կայացրել, որ «ԱրմենՏել» ընկերությունը սահմանել է խտրական գներ՝ առաջացնելով մրցակցային անհավասար պայմաններ և որ օպերատորը շուկայում գերիշխող դիրք է զբաղեցնում:
 
«ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցում «ԱրմենՏել» ՓԲԸ-ին, ինչպես նաև պարտավորեցնում է ընկերությանը որոշակի ժամկետներում հավասարակշռել «ԱրմենՏել» ՓԲԸ բջջային ցանցից «Ucom» ֆիքսված ցանց կատարվող զանգերի սակագները՝ «ԱրմենՏել» բջջային ցանցից զանգերի սակագներով «Արմենտել» ֆիքսված կապի հեռախոսահամարին»,- հայտնեց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

Ինչպես իր հերթին հայնտեց «ԱրմենՏել» ընկերության իրավաբան Դավիթ Սանդուխչյանը, «ԱրմենՏելը» արդեն 80 տոկոսով համեմատել է զանգերի սակագները, որոնք իրականացվել են ընկերության բջջային ցանցից դեպի Ucom ֆիքսված ցանց: «Սակայն այդ գործընթացը կապված է որոշ տեխնիկական պահերի հետ, և մենք պարտավորվում ենք  մինչև ընթացիկ տարեվերջ 100 տոկոսով հավասարեցնել սակագները»,- հայտնեց նա:
Ըստ նրա՝ ԱրմենՏելը սակագներ սահմանելով, նպատակ չի ունեցել փչացնել առողջ մրցակցության մթնոլորտը, այլ պարզապես առաջնորդվել է տնտեսական նկատառումներով:  

«Մենք մեզ գերիշխող դիրք ունեցող ընկերություն չենք համարել՝ մեր ունեցած 24 տոկոսով (շուկայում)»,- ընդգծեց նա:
«Ucom» ընկերության իրավաբան Գևորգ Աթոյանն իր հերթին ընդգծեց, որ ՏՄՊՊՀ-ի այդ որոշումը խթանում է հաղորդակցության շուկայի շրջանակներում առողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը:

«ԱրմենՏել» ընկերությունն առաջատար դեր է զբաղեցնում Հայաստանի ֆիքսված կապի ծառայությունների տրամադրման ոլորտում, բացի այդ, շուկայում այլընտրանքային օպերատորներ են ներկայացված: Ֆիքսված կապի ծառայությունների արտոնագրեր ունի շուրջ 15 ընկերություն:
     
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն «ՎիմպելԿոմ» ընկերության (ապրանքանիշը` Beeline) դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏելի» 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը: «ԱրմենՏել» ընկերությունը տրամադրում է ֆիքսված և բջջային կապի, ինչպես նաև գերարագ ինտերնետի ծառայություններ:


Ucom ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին և իրենից ներկայացնում է հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող կազմակերպություն: Համագործակցելով շվեդական Ericsson ընկերության հետ` Ucom ՍՊԸ-ն կառուցել է լայնաշերտ հասանելիության ցանց` հիմնված FTTH (fiber to the home – օպտիկական մալուխ մինչև բնակարան) տեխնոլոգիայի վրա, որը տրամադրում է գերարագ ինտերնետ, IP հեռուստատեսություն և քաղաքային ֆիքսված հեռախոսակապ:--0—