25 մլն դոլարի ներդրում՝ խթանելու ՀՀ արհեստական բանականության նորարարությունները
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կառավարությունը Հրազդանում կառուցվող Firebird AI ընկերությունից ձեռք կբերի 25 միլիոն դոլարի ԱԲ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ՝ 5 տարի ժամկետով:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նրա խոսքով, այս ծրագիրը գալիս է աջակցելու արհեստական բանականության ոլորտում գործունեություն իրականացնող ստարտափներին, գիտահետազոտական խմբերին, ուսումնական հաստատություններին և անհատ մասնագետներին՝ ապահովելով բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ արհեստական բանականության համակարգերի նախագծման, ուսուցման և տեղակայման համար։
«Հաշվողական ռեսուրսները կտրամադրվեն «Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի» (AIVI) միջոցով, որը գործարկվել է ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից, հանդիսանում է նորարարությունների և համագործակցության բաց հարթակ»,-գրել է նա՝ հավելելով, որ ռազմավարական այս ծրագրի շրջանակում AIVI-ն կծառայի որպես գործառնական հարթակ՝ հայտերի ընդունման, դիմողների նույնականացման և հաշվողական ռեսուրսների բաշխման համար, ինչպես նաև կծառայի որպես վիրտուալ հարթակ ԱԲ նորարարների հաղորդակցման և համագործակցության համար: