USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 20, ուրբաթ
եղանակը
Երևանում
+12

Հայաստանն անցնում է AI ենթակառուցվածքների ստեղծմանը՝ տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրումներով. Eleveight AI-ի համահիմնադիր

Այսօր, 16:14
Կապիտալի շուկայում ԱԲ (AI) կիրառման հեռանկարների, տարածաշրջանային AI ծառայությունների զարգացման գործում Հայաստանի դերի և կրիպտոակտիվների կարգավորման մոտեցումների մասին պատմել է Eleveight AI-ի համահիմնադիր և գլխավոր  տնօրեն Արման Ալեքսանյանը
Հայաստանն անցնում է AI ենթակառուցվածքների ստեղծմանը՝ տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրումներով. Eleveight AI-ի համահիմնադիր

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը թվային տրանսֆորմացիայի քննարկումներից անցնում է AI նախագծերի գործնական իրականացմանը, ներառյալ մասնագիտացված տվյալների կենտրոնների և ամպային ենթակառուցվածքների ստեղծումը։ Երկրում արդեն մեկնարկում են տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրումներով նախագծեր, որոնք ձևավորում են նոր տեխնոլոգիական էկոհամակարգի հիմքը։

Կապիտալի շուկայում արհեստական բանականության կիրառման հեռանկարների, տարածաշրջանային AI ծառայությունների զարգացման գործում Հայաստանի դերի և կրիպտոակտիվների կարգավորման մոտեցումների մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է Eleveight AI-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Արման Ալեքսանյանը։

«ԱՌԿԱ» – Եթե խոսենք Հայաստանի կապիտալի շուկայի մասին, ո՞ր խնդիրների համար AI ենթակառուցվածքն արդեն կարող է կիրառական էֆեկտ տալ՝ ռիսկերի կառավարում, հաճախորդների վերլուծություն, քոմփլայենս, կիբեռպաշտպանություն:

Ա. Ալեքսանյան – AI-ն այսպես թե այնպես կներդրվի գրեթե բոլոր գործընթացներում։ Հարցն ավելի շուտ այն է, թե ինչից սկսել. դա կախված է ֆինանսական կազմակերպությունների կոնկրետ խնդիրներից և ընթացիկ առաջնահերթություններից։

Ընդհանրացնելով՝ կարելի է առանձնացնել մի քանի առանցքային ուղղություններ՝ վերլուծություն, գործընթացների ավտոմատացում և ռիսկերի կառավարում։ Դրանցից յուրաքանչյուրում AI-ն ընդունակ է զգալիորեն բարձրացնել արդյունավետությունը, իսկ առանձին դեպքերում՝ ստեղծել նոր հնարավորություններ։

«ԱՌԿԱ» – Որքանո՞վ է կարող Հայաստանը դառնալ ոչ միայն սպառող, այլև տարածաշրջանային հարթակ ֆինանսական հատվածում AI ծառայությունների համար:

Ա. Ալեքսանյան – Դժվար է միանշանակ գնահատականներ տալ, քանի որ իրավիճակը կարող է արագ փոխվել. հնարավոր է՝ հենց հիմա իրականացվում են նախագծեր, որոնք էապես կազդեն շուկայի վրա։

Կան բազային բաղադրիչներ՝ էներգետիկա, հաշվողական հզորություններ, ենթակառուցվածք և ծրագրային ապահովում։ Այս համատեքստում Հայաստանն ունի որոշակի առավելություններ։

Կարևոր է հաշվի առնել նաև քաղաքական գործոնը։ Մի շարք բարձր արտադրողականությամբ լուծումներ, ներառյալ Nvidia սարքավորումները, կարգավորվում են ԱՄՆ-ի կողմից արտահանման սահմանափակումներով՝ կախված մատակարարման երկրից։ Այս առումով Հայաստանն ունի հնարավորություններ նման տեխնոլոգիաներին հասանելիություն ստանալու համար։

Ավելի լայն իմաստով՝ երկիրն ունի մեծ պոտենցիալ ոչ միայն պրոֆիլային նախագծերի իրականացման, այլև ողջ տարածաշրջանի համար լիարժեք ենթակառուցվածքային լուծումների ձևավորման համար։

«ԱՌԿԱ» – Ինչպե՞ս եք գնահատում թվային պարտատոմսերի և ֆոնդերի հեռանկարները փոքր շուկայի համար. դա արդեն պրակտիկ գործի՞ք է, թե՞ դեռևս թեստավորման ուղղություն:

Ա. Ալեքսանյան – Ավելի շուտ դա լրացուցիչ գործիք է, որը կարող է իրականացվել համապատասխան բարենպաստ կարգավորման առկայության դեպքում, սակայն էական փոփոխությունների սպասել պետք չէ։

Եթե խոսենք կարգավորվող թոքենիզացիայի մասին, ապա ներդրողի տեսանկյունից այն քիչ բան է փոխում։ Արդեն այսօր կարելի է բանկում հաշիվ բացել և հավելվածի միջոցով պարտատոմսեր ձեռք բերել։ Թոքենիզացիայի դեպքում փոխվում է ձևը. ձեռք է բերվում թվային ակտիվ, որն ըստ էության նույն պարտատոմսն է։

Հնարավոր են որոշակի պարզեցումներ թողարկողների համար, սակայն այստեղ հարց է առաջանում՝ ընթացակարգերի պարզեցման և ռիսկերի կառավարման միջև հավասարակշռության մասին։ Կարգավորման խստացման դեպքում թվային գործիքների թողարկումը կարող է բարդությամբ համադրելի լինել դասական պարտատոմսերի թողարկման հետ։

«ԱՌԿԱ» – Ի՞նչ պետք է տեղի ունենա Հայաստանում առաջիկա 1-2 տարում, որպեսզի հնարավոր լինի խոսել ժամանակակից թվային ֆինանսական էկոհամակարգի ձևավորման մասին:

Ա. Ալեքսանյան – Այդ գործընթացն արդեն սկսվել է։ Մեր նախագիծը՝ Eleveight AI-ն, արդեն գտնվում է մեկնարկի փուլում, և մենք արդեն քննարկում ենք տարբեր պրոդուկտների իրականացման հնարավորությունները բանկերի և ֆինտեխ ընկերությունների հետ։ Նման բարձր տեխնոլոգիական բազան կդառնա կատալիզատոր նաև ֆինանսական տեխնոլոգիաների զարգացման համար։ Մյուս կարևորագույն ասպեկտը զարգացմանն ուղղված կարգավորումն է, որը, կարծում եմ, կիրականացվի ժամանակին, քանի որ այս ոլորտը երկրի կարևորագույն առաջնահերթություններից է։

«ԱՌԿԱ» – Պատմեք մանրամասն նախագծի մասին:

Ա. Ալեքսանյան – Դա հանրային ամպ է (public cloud)՝ կողմնորոշված դեպի արհեստական բանականության խնդիրները՝ վերջին սերնդի Nvidia գրաֆիկական պրոցեսորների բազայի վրա։

Տեխնիկական առումով նախագիծն իրականացված է. այն գտնվում է Գագարինում՝ Սևանից ոչ հեռու։ Սարքավորումներն արդեն Հայաստանում են, ներկայումս իրականացվում են հավաքման և թեստավորման աշխատանքները։ Բացումը սպասվում է մոտ ժամանակներս։

«ԱՌԿԱ» – Ներդրումների ի՞նչ ծավալի մասին է խոսքը:

Ա. Ալեքսանյան – Նախագիծն ընդլայնվելու է փուլ առ փուլ, առաջին փուլի ծավալը կազմում է շուրջ 70 միլիոն դոլար։

«ԱՌԿԱ» – Ինչպե՞ս եք գնահատում «Կրիպտոակտիվների մասին» օրենքը և դրա գործնական կիրառումը:

Ա. Ալեքսանյան – Կարգավորումը կարելի է բնութագրել որպես բավականին պահպանողական, և շուկայի մասնակիցների մի մասը գտնում է, որ դա կարող է զսպել ոլորտի զարգացումը։

Եթե խնդիր է դրված խթանել աճն ու նորարարությունները, կարևոր է սահմանել թիրախային ուղենիշները՝ նախագծերի թվի ավելացում կամ կենտրոնացում առանձին խոշոր նախաձեռնությունների վրա։ Այդ նպատակների ներքո պետք է ձևավորվի համապատասխան կարգավորող մոդելը։

Այս պահին, իմ զգացողությամբ, շուկայի տարբեր մասնակիցների՝ բանկերի, կարգավորողի, ստարտափ համայնքի մոտ չկա թիրախային մոդելի միասնական ընկալում։

Արդյունքում օգտագործվում է միջազգային մոտեցումների հարմարեցված տարբերակը, որն ուղղված է ռիսկերի նվազեցմանը, բայց ոչ միշտ է խթանում նոր նախագծերի հայտնվելը։

«ԱՌԿԱ» – Ունե՞ք առաջարկություններ այս հարցի վերաբերյալ:

Ա. Ալեքսանյան – Նախևառաջ անհրաժեշտ է սահմանել ոլորտի զարգացման նպատակները։ Դա թե՛ շուկայի մասնակիցների, թե՛ կարգավորողի խնդիրն է։

Օրինակ՝ մենք նախագիծ ունենք Ղազախստանում, որտեղ կարգավորումը գործում է արդեն մի քանի տարի։ Նոր շուկա մուտք գործելիս կարևոր է հասկանալ, թե որ դիրքն է ընկերությունը ցանկանում զբաղեցնել, ինչպիսի արգելքներ կան և ինչպես կարելի է դրանք վերացնել կարգավորողի հետ փոխգործակցությամբ։

Որոշակի առումով սա «հավի ու ձվի» իրավիճակ է. նախագծերի բացակայությունը զսպում է կարգավորման զարգացումը, իսկ ոչ բավարար հարմարեցված կարգավորումը՝ նոր նախագծերի հայտնվելը։

Արդյունավետ լուծումները ձևավորվում են շուկայի և կարգավորողի փոխգործակցության ընթացքում։