Անօդաչու թռչող սարքերի նախագծման մրցույթ կանցկացվի Հայաստանում 2012 թվականին

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. Անօդաչու թռչող սարքերի ռոբոտների մրցույթ կանցկացվի Հայաստանում ArmRobotics բաց առաջնության շրջանակներում 2012 թվականին, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միության (UITE) տնօրեն Կարեն Վարդանյանը։
«Մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը կսկսվի տարեվերջին, իսկ մրցույթը կկայանա արդեն 2012 թվականին»,- ասաց Վարդանյանը։
Նա նշեց, որ անօդաչու թռչող սարքի համար կսահմանվեն դրա չափերի, քաշի և հնարավորությունների կոնկրետ չափորոշիչներ։
Այս կապակցությամբ, ըստ նրա, մրցույթի մասնակցության համար թիմերի հետ հատուկ թրեյնինգներ կանցկացվեն, որոնք թույլ կտան նրանց հասկանալու թռիչքի հիմնական սկզբունքները, դրա ծրագրավորման, համապատասխան կոնստրուկցիաների ստեղծման հնարավորությունները։
Վարդանյանը նշեց, որ մրցույթին կկարողանան մասնակցել ռոբոտ սակրավորի նախագծման մրցույթին մասնակցող լավագույն թիմերը, որի հայտերի ընդունելությունը մեկնարկել է այսօր։ Նա հիշեցրեց, որ ռոբոտ սակրավորի մրցույթի մասնակիցների հետ նույնպես համապատասխան թրենինգներ կանցկացվեն։
«Լավագույն թիմերը ոչ միայն անօդաչու սարքի մշակման մրցույթին մասնակցելու հնարավորություն, այլ նաև ֆինանսական և տեխնիկական օժանդակություն կստանան իրենց մշակումների իրագործման համար»,- ասաց գործադիր տնօրենը։
Հայաստանում ռոբոտի բաց առաջնությունը՝ ArmRobotics-ը, անցկացվում է UITE-ի նախաձեռնությամբ: Այս տարի մրցույթի գլխավոր հովանավորն է VivaCell-MTS բջջային օպերատորը, իսկ տեխնիկական հովանավորն է Hurnet ընկերությունը:
Առաջին անգամ ArmRobotics ռոբոտների բաց առաջնությունն անցկացվել է Հայաստանում 2008 թվականին։ Մրցույթին մասնակցել են 11 թիմեր Հայաստանից, Ղարաբաղից և Իրանից, որոնք ընդգրկել են չորս ուսանող և մեկ ղեկավար։
2009 և 2010 թթ. ArmRobotics բաց առաջնության շրջանակներում ծրագրված է եղել տարիքային տարբեր խմբերի համար նախատեսված հինգ մրցույթների անցկացում՝ «Համակարգչային սիմուլյացիա» մրցույթ (ուսանողների համար), Line Tracking մրցույթ (ուսանողների համար), «Առարկաներն ըստ գույնի և չափերի տարբերակող ռոբոտների մրցույթ» (առանց տարիքային սահմանափակումների), «Marble crossing» (դպրոցականների համար) և «Ական փնտրող ռոբոտ» (առանց տարիքային սահմանափակումների)։ --0—.