MediaGid.am ագրեգատորը ներկայացնում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների իրական պատկերը էլեկտրոնային ԶԼՄ-ների պրիզմայով

MediaGid լուրերի ավտոմատ մշակման և դասակարգման համակարգը գործարկվել է Հայաստանում նոյեմբերի 30-ին և մեծ իրարանցում ու հետաքրքրություն է առաջացրել տեղեկատվական շուկայում: Նոր ռեսուրսի ծրագրերի և նպատակների մասին պատմել է MediaGid.am նախագծի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:
Հարց. Նոյեմբերին վերջին Հայաստանում առաջին անգամ գործարկվեց MediaGid.am նորությունների ագրեգատորը: Որո՞նք են հայկական շուկայի համար այս աննախադեպ ապրանքի նպատակներն ու խնդիրները:
Ա. Մարտիրոսյան. Մենք փորձել ենք ստեղծել մի համակարգ, որն ինտերնետից օգտվողներին տարբեր մեկնաբանությամբ ներկայացված տեղեկատվությունը ստանալու և համեմատելու հնարավորություն կտա: Այս համակարգն իր ձևաչափով միակն է հայկական ինտերնետում: ԱՊՀ երկրներում նմանատիպ նախագծեր են գործում միայն Ռուսաստանում և Ուկրաինայում: Համակարգի աշխատանքի հիմնական սկզբունքներն են օպերատիվությունը, հրատապությունը, մատչելիությունն ու աղբյուրների նկատմամբ անաչառությունը, ինչը օրվա պատկերի ներկայացման օբյեկտիվություն է երաշխավորում: Լուրեր հավաքելով բազմաթիվ աղբյուրներից՝ մենք մեր սերվիսն ավելի հասանելի ենք դարձնում ինտերնետից օգտվողի համար, քանի որ նա հնարավորություն է ստանում համեմատել և զուգադրել նույն իրադարձությունը տարբեր ԶԼՄ-ների մեկնաբանությամբ:
Հարց.Ո՞րն է այս համակարգի առավելությունը՝ օտարերկրյա նմանատիպ համակարգերի համեմատ:
Ա. Մարտիրոսյան. Ի տարբերություն օտարերկրյա նմանատիպ համակարգերի՝ MediaGid.am-ը միակն է, որը կարող է համակարգել, նույնականացնել տեղեկատվությունը հայերենով և ստացված արդյունքների հիման վրա այն վերածել սյուժեների: Բացի այդ, MediaGid.am-ի զգալի տարբերությունն այն է, որ ագրեգատորը թույլ է տալիս գործընկերներ ԶԼՄ-ներին իրենց կայքերի ուղղությամբ տրաֆիկ ստանալ ինտերնետից օգտվողների հայկական շրջանակից:
Հարց. Ի՞նչ նոր հնարավորություններ և նորամուծություններ են ներառված համակարգում:
Ա. Մարտիրոսյան. Համակարգի նորամուծությունների թվում կարելի է նշել հեղինակության վարկանիշի հաշվումն ու ներկայացումը ըստ հետևյալ կատեգորիաների՝ մարդիկ, ընկերություններ, սպորտ, շոու-բիզնես: Երբ տեղեկատվությունը հայտնվում է MediaGid.am-ում, համակարգի ծրագրային միջոցները սկսում են որոնել, առանձնացնել և հաշվի առնել հիշատակումները, որոնց հիման վրա ձևավորվում է հեղինակության վարկանիշը օրական, շաբաթական և ամսական կտրվածքում: Բացի այդ, կայքի այցելուների համար հասանելի է նաև որոնողական համակարգը, լուրերի արխիվը, շաբաթվա ընթացքում եղանակի տեսությունը Հայաստանի 22 քաղաքում, ինչպես նաև ներկայացվում են կանոնավոր կերպով թարմացվող պաշտոնական և բանկային փոխարժեքները:
Հարկ է նշել, որ մենք մշտապես աշխատելու ենք նախագծի կատարելագործման ուղղությամբ: Հետագայում ծրագրվում է մուլտիմեդիոն համակարգ ստեղծել, որտեղ ոչ միայն տեքստային տեղեկատվություն և լուսանկարներ կներկայացվեն, այլև ձայնային նորություններ և տեսանյութեր: Ծրագրվում է նաև նոր ֆունկցիաներ ներդնել, օրինակ՝ օգտվողների գրանցում, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի ներկայացնել սեփական մեկնաբանությունները նյութերի վերաբերյալ և այլ ծառայություններ:
Հարց.Ո՞վ կարող է համակարգի մասնակից դառնալ:
Ա. Մարտիրոսյան. Համակարգին կարող են միանալ Հայաստանում գրանցված լրատվական գործակալությունները, տպագիր ԶԼՄ-ների էլեկտրոնային տարբերակները, հեռուստաալիքների և ռադիոկայանների էլեկտրոնային տարբերակները, ցանցային և այլ հրատարակությունները, որոնց RSS-հոսքերը համապատասխանում են ագրեգատորի պահանջներին: Բացի այդ, համակարգին կարող են միանալ կոնտենտ ստեղծող ԶԼՄ-ները, այսինքն մենք չենք ողջունում համակարգում կրկնօրինակող՝ այսպես կոչված copy-paste-երների մասնակցությունը:
Յուրաքանչյուր գործընկերոջ մասնակցությունը նախագծին օգուտ կբերի, քանի որ համակարգը օգտվողների տրաֆիկն ուղղում է դեպի նրանց վեբ-կայքերը։ MediaGid համակարգը հեռարձակում է միայն վերնագիրը և ոչ մեծ ծանուցում հաղորդագրության դիտման համար, իսկ ամբողջությամբ ընթերցելու համար օգտագործողը պետք է անցնի տեղեկատվության աղբյուրի համապատասխան ինտերնետային էջ:
Հարց. Որքա՞ն են համակարգին միանալ ցանկացողները, և նրանցից որքա՞նն են հոսքերի տեխնիկական համաձայնեցում անցել և միացել MediaGid-ին:
Ա. Մարտիրոսյան. MediaGid համակարգի գործարկումից հետո քսան ԶԼՄ-ներ ագրեգատորում մասնակցելու հայտ են ներկայացրել: Նրանցից երկուսը համապատասխանեցրել են իրենց RSS-հոսքերը համակարգի պահանջներին և արդեն ընդգրկված են համակարգում: Մյուս աղբյուրներն իրենց RSS-հոսքերը համակարգի պահանջներին համապատասխանեցնելու փոլում են: Այս գործընթացն ավարտվելուց անմիջապես հետո աղբյուրները միանգամից կմիանան համակարգին, և նրանց տեղեկատվական հոսքերը կներկայացվեն MediaGid-ում:
Հարց. Ամեն օր տեղեկատվության որքա՞ն ծավալ է ներկայացվում ռեսուրսում և ո՞ր լեզուներով: Կա՞ն, արդյոք, այցելությունների թվի, հայտնի նյութերի և հանրաճանաչության ինդեքսի մասին առաջին տվյալները:
Ա. Մարտիրոսյան. Օրական MediaGid համակարգում երեք լեզվով (հայերեն, ռուսերեն, անգլերեն) շուրջ հազար միավոր տեղեկատվություն է հայտնվում գործընկեր բոլոր ԶԼՄ-ներից: Տեղեկատվությունը թարմացվում է շուրջօրյա օն-լայն ռեժիմով:
Աշխատանքային օրերի ընթացքում գործընկեր կայքերն ապահովում են ավելի քան 1200 անցում: Միաժամանակ, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, այցելուների շուրջ 75 տոկոսը ներքին օգտվողներ են, այսինքն Հայաստանից են մուտք գործում ռեսուրսից: Կայքի այցելուների թվի, առավել ընթերցված նյութերի, հանրաճանաչության ինդեքսի և վիճակագրական այլ տվյալների ցուցանիշները կհրապարակվեն MediaGid համակարգի գործունեության առաջին ամսվա արդյունքներն ամփոփելուց հետո:-0-