ԶԼՄ. Facebook–ի աշխատակազմի համար հասանելի են օգտատերերի ծածկագրերը
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. Facebook–ի նախկին աշխատակից Քեթրին Լոսը սոցիալական ցանցի օգտատերերին նախազգուշացրել է, որ ընկերության շատ աշխատակիցներ նրանց անձնական տվյալների և ծածկագրերի հասանելիություն ունեն, գրում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Guardian–ին։
Ըստ Լոսի, որը մինչև 2010թ.–ն աշխատել է որպես սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի սպիչռայթեր, Facebook–ի աջակցության ծառայության աշխատակիցներն օգտատերերի ակաունտների հնարավոր խնդիրները վերացնելու համար «ադմինիստրատորի ծածկագիր» ունեն։ Այսպիսով, նրանք հասանելիություն են ստանում օգատերի տվյալներին, նամակագրությանը և նույնիսկ ծածկագրին։
Ինչպես գրում է Digit.ru–ն` հաշվի առնելով, որ Facebook–ի շատ օգտատերեր միևնույն ծածկագիրն են օգտագործում տարբեր ինտերնետ ռեսուրսների համար, դա ընդլայնում է նրանց գաղտնի տեղեկատվության անօրինական հասանելիության հնարավորությունները։
Անձնական տվյալների մշտական դիտարկման պայմաններում ոչ միայն ամերիկյան ուժային կառույցների, ինչպես PRISM ծրագրի դեպքում, այնպես էլ սոցիալական ցանցերի աշխատակիցների կողմից անձնական տեղեկատվության գաղափարն ինքը դադարել է գոյություն ունենալ, կարծում է Լոսը։
Facebook–ի ներկայացուցիչը մեկնաբանել է Guardian–ին, որ աշխատակիցների աշխատանքը կարգավորվում է իրավունքի բոլոր համապատասխան չափանիշներով։ –0–