USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Երևանի քաղաքապետարանի նոր կայքի շնորհանդեսն է տեղի ունեցել

01.11.2012, 20:53
Երևանի քաղաքապետարանի նոր` www.iyerevan.am կայքի շնորհադեսն է տեղի ունեցել, հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Երևանի քաղաքապետարանի նոր կայքի շնորհանդեսն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանի նոր` www.iyerevan.am կայքի շնորհադեսն է տեղի ունեցել, հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Կայքը հինգշաբթի ներկայացրեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի, արտաքին ձևավորման և գովազդի վարչությունների պետերը, «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՊՓԲԸ տնօրենն ու ՄԱԿ-ի  Զարգացման Ծրագրի համայնքային զարգացման ծրագրի համակարգողը։

Ընդգծելով, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից մշտապես կարևորվում է մայրաքաղաքի արտաքին տեսքի բարելավումն ու քաղաքացիների մասնակցության ապահովումը քաղաքի կառավարման գործում, կայքի հեղինակները, ներկայացնելով այն, նշել են, որ առաձնացված տարբեր բաժիններով յուրաքանչյուր ոք, ցանկության դեպքում,  կարող է իր մասնակցությունն ունենալ քաղաքապետարանի կողմից Երևանի բարեկարգման և արտաքին տեսքի ձևավորմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու քննարկմանը, բարձրացնել հարցեր՝  ներկայացնելով դրանց լուծման սեփական տարբերակը:

Առաջարկություններ անելու համար քաղաքացին պետք է գրանցվի համակարգում կամ օգտագործի Facebook սոցիալական ցանցի իր գրանցումը:

Քաղաքացիները iyerevan.am-ում կարող են մասնակցել նաև քննարկումների, ծանոթանալ ընթացիկ և իրականացված ծրագրերին: Կայքի միջոցով նաև հայտարարվելու են բաց մրցույթներ:

«Նոյեմբերի 15-ից փետրվարի 1-ը բոլոր շահագրգիռ անձինք և կազմակերպությունները կարող են մասնակցել «Երևան քաղաքի արտաքին ձևավորման հայեցակարգի» մշակմանը և ներկայացնել առաջարկություններ: Քաղաքացիներին կողմից առավել շատ հավանության արժանացած առաջարկները կքննարկվեն Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում և կյանքի կկոչվեն։ Բացի այդ, նախատեսում ենք նաև Երևան քաղաքի գովազդային հայեցակարգի մշակման և մայրաքաղաքի զբոսաշրջային տարբերանշանի մրցույթներ»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման  և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:

Կայքը նաև հնարավորություն է ընձեռում տեղեկանալ քաղաքային տնտեսության բարելավմանը, կրթական, մշակութային, սոցիալական և այլ խնդիրների լուծմանն ուղղված նախագծերին և, նվիրատվությունների միջոցով, աջակցել դրանց իրագործմանը՝ սեփական ներդրումն ունենալով Երևանի համաչափ զարգացման գործում:

Ծրագիրն, ի դեպ, Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համագործակցության հերթական արդյունքն է և իրականացվել է ՄԱԿ-ի  Զարգացման Ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ՝ «Գեղեցիկ Երևան»  ծրագրի շրջանակում: --0--