USD
381.46
EUR
449.97
RUB
4.8446
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 25, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Wi-Fi-ն անվճար տրամադրվում է աշխարհի միայն յուրաքանչյուր երրորդ հյուրանոցում. հետազոտություն

02.03.2012, 14:46
Աշխարհի հյուրանոցների մոտ երկու երրորդը շարունակում է վճար գանձել անլար ինտերնետ հասանելիության համար, ասվում է  The Telegraph բրիտանական հետազոտության մեջ:
Wi-Fi-ն անվճար տրամադրվում է աշխարհի միայն յուրաքանչյուր երրորդ հյուրանոցում. հետազոտություն

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. Աշխարհի հյուրանոցների մոտ երկու երրորդը շարունակում է վճար գանձել անլար ինտերնետ հասանելիության համար, ասվում է  The Telegraph բրիտանական հետազոտության մեջ:

Սրճարանների, բարերի և նույնիսկ արագ սննդի ռեստորանների զգալի մասը, այդ թվում` McDonalds-ը և Starbucks-ը, անվճար են տրամադրում Wi-Fi ծառայությունը: Այդ կապակցությամբ, փորձագետների կարծիքով, աճում է հյուրանոցների հասցեին ուղղված քննադատությունը բարձր սակագների առիթով, որոնք սահմանվում են նույն ծառայության համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

The Telegraph-ը վերլուծել է ավելի քան 30 տարբեր հյուրանոցային ցանցերում և տասնյակից ավելի անկախ հյուրանոցների Wi-Fi-ի գները և կազմել է նրանց ցուցակը, ովքեր սահմանում են ամենաբարձր սակագները, և ովքեր այն անվճար են տրամադրում:

Հետազոտությունում հայտնված 70 հյուրանոցային խմբերից և անկախ հյուրանոցներից միայն 24-ը վճար չեն գանձում անլար ինտերնետ հասանելիության  համար:

Առավել ագահ են Լոնդոնի լյուքս կարգի հյուրանոցները, որոնց սակագները հասնում են 24 ժամի համար 20 ֆունտի (մոտ 24 եվրո): Դրանց թվում են՝ Grosvenor House-ը և Firmdale Hotels խումբը, որոնց պատկանում է Լոնդոնի մոտ 6 հյուրանոց՝ ներառյալ The Haymarket և Number Sixteen-ը: Օրինակ, The Dorchester հինգ աստղանի հյուրանոցում հաճախորդներն ընտրություն չունեն՝ նրանց առաջարկվում է մեկ օրվա համար մեկ սակագին 19,5 ֆունտի (ավելի քան 23 եվրո) չափով:

Բրիտանական մայրաքաղաքի Leicester Square-ում գտնվող W հյուրանոցը 5,95 ֆունտ (ավելի քան 7 եվրո) է գանձում մեկ ժամի համար կամ 17 ֆունտ (ավելի քան 20 եվրո)՝ մեկ օրվա համար: Միաժամանակ Ստամբուլի, Բարսելոնայի և Հոնկոնգի նույն ապրանքանիշի հյուրանոցները խնդրում են հաճախորդներին վճարել, համապատասխանաբար, 15 եվրո, 19 եվրո և 115 հոնկոնգյան դոլար (11 եվրոյից ավելի)՝ մեկ օրվա ինտերնետ միացման համար, թեև դրա հասարակական օգտագործման որոշ գոտիներում նույն ծառայությունն անվճար է տրամադրվում:

Holiday Inn բրիտանական հյուրանոցային ցանցում հաճախորդները ստիպված են վճարել օրական մինչև 15 ֆունտ (մոտ 18 եվրո), իսկ Եվրոպական մայրցամաքի նույն հյուրանոցներում վճարն օրական կկազմի 24 ֆունտ (մոտ 27 եվրո): Միաժամանակ, ԱՄՆ-ի այդ շարքի մեծամասնությունը Wi-Fi ծառայությունը տրամադրում է անվճար:

Ինտերնետի ամենաբարձր գինը սահմանվել է Marriott հյուրանոցային ցանցի որոշ հյուրանոցներում, ինչպես AC Hotel-ը Ֆլորենցիայում և  JW Marriott-ը Կաննում, որոնք իրենց հաճախորդներից մեկ ժամվա համար գանձում են 10 եվրո: Ավելի էժան հյուրանոցները, ինչպես, օրինակ, Travelodge-ը, գանձում է ժամում 5 ֆունտ (մոտ 6 եվրո) կամ 10 ֆունտ (մոտ 12 եվրո) մեկ օրվա համար:  Barcelo Hotels ցանցի հաճախորդները վճարում են մեկ ժամի համար 6,5 ֆունտ (մոտ 7,8 եվրո) կամ մեկ օրվա  ինտերնետ հասանելիության համար՝ 15 ֆունտ (մոտ 18 եվրո): -0-