«ВКонтакте» սոցցանցում Արցախի մասին պատմող տուրիստական նոր տեսահոլովակ է տեղադրվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ВКонтакте» սոցցցանցում Արցախի մասին պատմող տուրիստական նոր տեսահոլովակ է տեղադրվել, հաղորդում է ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը։
Ըստ տեղեկատվության` չնայած ադրբեջանական կողմի՝ արդեն սովորական դարձած ճնշումներին, որոնք պահանջում են հեռացնել տեսահոլովակը, այն արժանացել է բազմաթիվ հիացած մեկնաբանությունների և տարածվել ցանցում:
ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունից նշել են, որ ադրբեջանական կողմը, անտեսելով ողջախոհությունը և միջազգային չափանիշները, կանոնավոր կերպով փորձում է արգելափակել որևէ հիշատակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին: Այնուամենայնիվ Արցախի մասին ինֆորմացիան գրավում է տարածքին մոտիկից ծանոթանալ ցանկացողներին:
«ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը տուրիստական հոսքի ամենամյա աճ է արձանագրում: Երկրի տարբեր շրջաններում հյուրանոցային համալիրներ և տուրիզմի ոլորտին վերաբերող այլ հաստատություններ են հիմնվում, ինչը հնարավորություն է տալիս առանց որևէ խոչընդոտի այցելել հանրապետություն, որը հայտնի է թե կրոնական ուխտագնացների, թե ուղղակի այն մարդկանց համար, ովքեր ուզում են ընկղմվել տարածքի պատմության և հեքիաթային բնության, տեղի հայերի կենցաղի և յուրահատուկ ու հնամյա մշակույթի մեջ», – նշվում է տեղեկատվության մեջ։–0–