Վանաձորում կբացվի ՀՀ-ում 7-րդ Թումո կենտրոնը
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. Վանաձորում կհիմնվի 7-րդ Թումո ստեղծարար կենտրոնը։ Որոշման նախագիծը Կառավարության՝ հոկտեմբերի 30-ի նիստին ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
Այս նպատակով «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ին կնվիրաբերվի Վանաձորի Թատերական փողոցի 1/1 սպայի տուն հասցեում գտնվող անշարժ գույքը:
«Ծրագրի իրականացման նպատակով հիմնադրամն առաջիկա 3 տարիներին պատրաստվում է 1 մլրդ 800 մլն դրամի ներդրում իրականացնել այս տարածքում»,- ասել է Խուդաթյանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվել է, թե քանի՞ Թումո կենտրոն կա ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ 2011թ.-ից է գործում կենտրոնը, իսկ այս պահին ՀՀ տարածքում կա 6 կենտրոն, Վանաձորինը 7-րդն է:
«Առաջիկայում նախատեսվում է Թումո կենտրոններ բացել նաև Էջմիածին, Մասիս, Արմավիր, Աբովյան, Աշտարակ, Մարտունի և Սիսիան քաղաքներում»,-ասել է նա։