USAID փորձագետը Հայաստանում ինտերնետ ծառայությունների սակագների բարձրացում է ակնկալում
ԴԻԼԻՋԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (Enterpise development and market competitiveness project - EDMC) գծով USAID ծրագրի խորհրդատու Փիթեր Ուիլսոնը Հայաստանում ինտերնետ ծառայությունների սակագների բարձրացում է ակնկալում:
Նա դա բացատրեց տաբլետների և սմարթֆոնների օգտատերերի թվի ացելացման համաշխարհային միտումով:
«Փորձագիտական գնահատականների համաձայն` 2012թ.-ին պլանշետների և սմարթֆոնների օգտատերերի քանակն ավելացել է 5 տոկոսով: Այդ միտումը կպահպանվի նաև հետագայում: Բնականաբար, այդ պայմաններում ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերությունները ստիպված կլինեն նոր ներդիներ մշակել պլանշետների և սմարթֆոնների համար, ինչը նոր ծախսեր է նախատեսում, որի արդյունքում ինտերնետ ծառայությունների սակագների բարձրացում է սպասվում»,- շաբաթ օրը Դիլիջանում կայացած ՀՀ ՏՀՏ ոլորտի առաջնորդների հերթական «առանց փողկապների» հանդիպման ժամանակ ելույթում ասաց Ուիլսոնը:
Փորձագետը նշեց նաև, որ պլանշետների և սմարթֆոնների օգտատերերի քանակի աճի դինամիկայի հետ կապված՝ հեռուստատեսությունը նույնպես պետք է թարմացնի իր տեխնիկական բազան, որպեսզի դրանք հարմարեցնի նոր տեխնոլոգիաներին, քանի որ այսօր մարդկանց մեծ մասը հեռուստածրագրերը պլանշետների և սմարթֆոնների միջոցով է դիտում:
Ըստ Ուիլսոնի՝ մի քանի տարի առաջ «այդ ամենը ֆանտաստիկ ֆիլմ էր թվում», սակայն այսօր իրականություն է, և ՏՏ արդյունաբերությունում իրենց տեղը զբաղեցնել ցանկացող երկրները պետք է կարողանան շատ արագ հարմարվել դրան:
Այդ կապակցությամբ նա նշեց, որ եթե Հայաստանը ցանկանա տեխնոլոգիական արդյունաբերության կենտրոն դառնալ, ապա պետք է հետևի այդ կարևորագույն համաշխարհային միտումին, ինչպես նաև ուշադրություն դարձնի տվյալների մեծ բազայի ստեղծմանը:
Որպես հաջողության գործոն Ուիլսոնը նշեց նորարարական բազայի հզոր ցանցերի առկայությունը, մասնագետների բարձր որակավորումը, ֆիզիկական ենթակառուցվածքների ճիշտ կառավարումը, մեծ ՏՏ ընկերությունների առկայությունը, որոնք շատ կարևոր են նորարարությունների մշակման առումով, ինչպես նաև՝ պետական աջակցությունը:
Հղում անելով USAID (Global Competitiveness Index) գլոբալ մրցունակության ցուցիչի տվյալներին՝ նա նշեց, որ Հայաստանի ՏՏ ոլորտն աշխարհում զբաղեցնում է 92-րդ տեղը:
«Չեմ ուզում Հայաստանը համեմատել այնպիսի տերությունների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ն կամ Եվրոպայի երկրները, բայց կարելի է Հայաստանը համեմատել Իսլանդիայի և Շրի Լանկայի հետ, որոնք կարողացան գրեթե 1-2 տարվա ընթացքում բարելավել իրենց դիրքերը»,- ասաց փորձագետը:
Տեխնոլոգիական լուծումների և արտադրությունների առևտրայնացման հարցերին նվիրված ՏՏ ոլորտի առաջնորղների հերթական «Հանդիպում առանց փողկապների»-ն անցկացվում է ապրիլի 13-15-ը Դիլիջան քաղաքում: Ֆորումին մասնակցելու են ՏՀՏ ոլորտի ընկերությունների, միջազգային կազմակերպությունների, ԶԼՄ-ների, ինչպես նաև տարբեր պետական գերատեսչությունների ավելի քան 70 ներկայացուցիչներ: -0-