UITE. Հայաստանը պետք է ներկայանա որպես ստեղծարար ինժեներական լուծումների երկիր
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը պետք է ունենա մի երկրի իմիջ, որը ստեղծում է ստեղծարար և անսպասելի լուծումներ, ուրբաթ Բիզնես–նորարարությունների 3–րդ միջազգային համաժողովի շրջանակում լրագրողներին ասաց Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։
«Մեր հիմնական առավելություններն են որակը, ճկունությունն ու ամենատարբեր պայմաններին հարմարվելու արագությունը։ Փորձը ցույց է տալիս, որ հայ ինժեներներն ու տեխնոլոգները արագ հարմարվում են ոչ միայն տեխնոլոգիաներին, այլ նաև տարբեր մշակույթներին, որոնց հաղորդակից են լինում», – նշեց նա։
Վարդանյանի խոսքով` «Why Armenia?» հայեցակարգի շրջանակում Հայաստանը պետք է իրականացնի բոլոր այդ առավելություններն ու ներկայանա որպես «surprise engineering» երկիր, որը տրամադրում է անսպասելի և սպառողի համար հարմարավետ լուծումներ։
Փորձագետը միաժամանակ նշեց, որ համաժողովի նպատակն է բացահայտել ՏՏ ոլորտում գոյություն ունեցող կարևոր խնդիրները և դրանց լուծման միջոցները, ինչը կնպաստի ոլորտի առաջընթացին։
Նա պարզաբանեց, որ համաժողովի շրջանակում հիմնական շեշտադրումները կարվեն կրթության, ձեռնարկատիրության, արտաքին շուկաներում Հայաստանը ներկայացնելու, ինչպես նաև ՏՏ ոլորտում ձեռնարկատիրության և պետության փոխհարաբերությունների վրա։
«Այս համատեքստում մենք կներկայացնենք կրթության ոլորտում ունեցած մեր փորձը։ Արդեն կատարել ենք որոշակի քայլեր, մասնավորապես, դպրոցներում ներդնում ենք ինժեներական կրթություն, մինչև տարեվերջ 100 դպրոցներում կստեղծվեն ինժեներական և ռոբոտոտեխնիկայի խմբակներ», – նշեց Վարդանյանը։
Նա նաև ասաց, որ հիմա Հայաստանի առջև կանգնած է բուհերում նորարարական կրթությունը բարելավելու խնդիրը, հարկավոր է երիտասարդության շրջանում փոխել ձեռներեցության նկատմամբ առաջացած կարծրատիպը և ապահովել խնդիրների լուծում բիզնեսում` օգտագործելով նորարարական մոտեցումներ։
«Բիզնես–նորարարությունների համաժողովը լավագույն հարթակն է հարցերի համակողմանի քննարկման և նոր գաղափարների ներկայացման համար` շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ», – ասաց UITE–ի ղեկավարը։
Բիզնես–նորարարությունների 3–րդ միջազգային համաժողովը մեկնարկել է նոյեմբերի 13–ին Դիլիջանում։ Համաժողովին մասնակցում են տեղական և օտարերկրացի գործարարներ, բիզնես–միավորումների և ասոցիացիաների, պետական կառավարման մարմինների, խորհրդատվական ընկերությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ։
Միջոցառումն անցկացվում է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո։ Համաժողովի գլխավոր հովանավորն է BetConstruct ընկերությունը։
Բիզնես–նորարարությունների առաջին միջազգային համաժողովն անցկացվել է Դիլիջանում 2013 թ.–ի նոյեմբերի 29–ից դեկտեմբերի 1–ը։–0–