Twitter-ի ինտերֆեյսը թարգմանվել է աջից ձախ գրություն ունեցող լեզուներով
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. Twitter միկրոբլոգերի ծառայության ինտերֆեյսը թարգմանվել է ևս չորս լեզուներով՝ արաբերեն, ֆարսի, եբրայերեն և ուրդու, որոնք աջից ձախ գրություն ունեն, հաղորդում է Twitter-ի կորպորատիվ բլոգը:
Նշված լեզուներն ավելացվել են Twitter-ի թարգմանությունների կենտրոն այս տարվա հունվարի 25-ին: Մեկուկես ամսվա ընթացքում ավելի քան 13 հազար կամավորներ օգնել են հարմարեցնել ծառայությունը լեզուների առանձնահատկություններին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Մի շարք այցելուներ, որոնք օգնել են թարգմանչական աշխատանքներին, բնակվում են ինտերնետի խիստ գրաքննություն ունեցող երկրներում, որտեղ Twitter-ն արգելափակված է, նշում է ծառայությունը: Չնայած Twitter-ի մոտ արաբական ինտերֆեյսը նոր է հայտնվում, սակայն ծառայությունը կարևոր դեր է խաղացել, այսպես կոչված, «արաբական գարնան» ժամանակ՝ նախորդ տարի արաբալեզու երկրներում գրանցված հուզումների և հեղաշրջումների ժամանակ, նշում է Mashable տեխնոբլոգը:
Այս պահին Twitter-ի ինտերֆեյսը հասանելի է աշխարհի 28 լեզուներով: 2011 թ.-ի ապրիլին ծառայությունը գործարկեց ռուսական ինտերֆեյսը, իսկ հուլիսին Twitter-ում սկսեց գործել հատուկ նշանը՝ հեշթեգը ռուսերեն լեզվով:
Ողջ աշխարհում Twitter-ից օգտվում է ավելի քան 200 մլն մարդ, իսկ «Yandex» որոնողական համակարգի տվյալներով՝ ռուսալեզու լսարանը կազմում է շուրջ 1,5 մլն մարդ: «Yandex»-ի տվյալներով՝ Twitter-ի ռուսալեզու հատվածում գրանցված է ավելի քան 2,2 մլն մարդ:-0-