Starlink-ն ավելի քան 100 տերմինալ կնվիրի՝ ՀՀ հեռավոր համայնքների դպրոցներում ինտերնետ հասանելիությունը բարելավելու նպատակով․ նախարար
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականը ԲՏԱ նախարարության համար նշանավորվեց մի շարք կարևոր նվաճումներով:
Տարվա ձեռքբերումներից մեկը Starlink ծառայությունների պաշտոնական մեկնարկն էր Հայաստանում. թվային ենթակառուցվածքների նոր մակարդակ՝ անվտանգ և որակյալ կապի ապահովմամբ, արագ և հուսալի արբանյակային ինտերնետ՝ քաղաքներից մինչև ամենահեռավոր գյուղերն ու դժվարամատչելի շրջանները, գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Facebook–յան իր էջում։
«Այսօր հատկապես ուրախ եմ նշել, որ ամերիկյան ընկերության հետ արդյունավետ համագործակցության և երկխոսության շնորհիվ Starlink-ը Հայաստանի՝ հիմնականում հեռավոր և դժվար հասանելի համայնքներում գտնվող դպրոցներին ավելի քան 100 տերմինալ նվիրաբերելու որոշում է կայացրել: Այս նախաձեռնությունը զգալիորեն կբարելավի կապի ապահովումը, կնպաստի թվային ներառմանը և կապահովի առցանց կրթության հասանելիությունը հազարավոր աշակերտների համար», – հայտնել է նախարարը։