USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Սոցցանցերի ընկերների վատ օրինակը վարակիչ է, զգուշացնում են գիտնականները

03.09.2013, 12:41
Սոցիալական ցանցում ծխելը կամ ալկոհոլի օգտագործումը ցուցադրող ընկերների լուսանկարները դեռահասներին կրկնօրինակման են դրդում, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԱՄՆ–ի գիտնականներին, որոնց աշխատությունը հրապարակվել է Journal of Adolescent Health ամսագրում։
Սոցցանցերի ընկերների վատ օրինակը վարակիչ է, զգուշացնում են գիտնականները
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սոցիալական ցանցում ծխելը կամ ալկոհոլի օգտագործումը ցուցադրող ընկերների լուսանկարները դեռահասներին կրկնօրինակման են դրդում, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԱՄՆ–ի գիտնականներին, որոնց աշխատությունը հրապարակվել է Journal of Adolescent Health ամսագրում։

«Սա առաջին հետազոտությունն է, որն ուսումնասիրել է, թե ինչպես է դեռահասների ակտիվությունը սոցցանցերում ազդում նրանց կողմից ալկոհոլի և ծխախոտի օգտագործման վրա»,– ասում է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանին առընթեր Քեքի բժշկական դպրոցի պրոֆիլակտիկ բժշկության (Keck School of Medicine of USC) պրոֆեսոր դոկտոր Թոմաս Վալենտեն (Thomas Valente)։

Հետազոտողները հարցում են անցկացրել Լոս Անջելեսի 10–րդ դասարանների 1.5 հազար աշակերտների շրջանում 2010 թվականի հոկտեմբերից մինչև 2011 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում առցանց և իրական կյանքում նրանց ընկերական հարաբերությունների, սոցցանցերից օգտվելու հաճախականության, ծխախոտային կամ ալկոհոլային կախվածության վերաբերյալ։

Հարցման մասնակիցների միջին տարիքը կազմել է 15 տարի, հետազոտության սկզբին ծխում էր հարցվածների շուրջ 30 տոկոսը և գրեթե կեսը կյանքում գոնե մեկ անգամ ոգելից խմիչք էր օգտագործել։

Բոլոր դպրոցականների գրեթե կեսը կանոնավոր այցելել են Facebook և Myspace։ Միաժամանակ, փորձի վերջում Facebook–իօգտատերերի թիվն աճել է մինչև 75 տոկոս, իսկ Myspace–ի օգտագործողներինը` նվազել 13 տոկոսով։ Մասնակիցների 34 տոկոսը հայտնել էին, որ ունեն ցանցում գոնե մեկ ընկեր, ով առցանց պատմում է ուրախ ժամանցի մասին, իսկ 20 տոկոսը պատմել են, որ իրենց ընկերները լուսանկարներ են դնում այն ժամանցային երեկոներից, որտեղ խմում և ծխում են։

Գիտնականները պարզել են, որ այն դեռահասները, ում մտերիմ ընկերներն ալկոհոլ են օգտագործում, ավելի հաճախ են հայտնվել օնլայն–քարոզչության վատ ազդեցության ռիսկային գոտում։ Հեղինակները, միաժանանակ, խոստովանում են, որ Facebook–ի օգտագործողների կրթական և սոցիալական կարգավիճակն ավելի բարձր է, քան Myspace–ի օգտագործողներինը։ Եվ երկրորդ խմբի օգտագործողներն ավելի հակված են եղել ոգելիցի օգտագործման։ «Մեր ապացույցները թույլ են տալիս ենթադրելու, որ առցանց ընկերների վարքագիծը հասակակիցների վրա ազդելու գործուն գործիք է։ Կարևոր է իմանալ դա այն պայմաններում, երբ ԱՄՆ–ում 12-17 տարեկան երեխաների 95 տոկոսն ամեն օր ինտերնետ են օգտագործում, իսկ նրանց 80 տոկոսը սոցցանցերից օգտվում է շփվելու նպատակով»,– ասում են հեղինակները։ -0-