Ռուսական հատուկ ծառայությունները հնարավորություն ունեն լսելու Skype–ի խոսակցությունները. «Վեդոմոստի»
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. Ռուսական հատուկ ծառայությունները հնարավորություն ունեն հետևելու Skype-ի խոսակցություններին, «Վեդոմոստիին» պատմել են տեղեկատվական անվտանգության շուկայի մի քանի մասնակիցներ։
Group-IB–ի գլխավոր տնօրեն Իլյա Սաչկովն ասում է, որ հատուկ ծառայությունները «արդեն երկու տարի» կարող են ոչ միայն լսել, այլ նաև որոշել Skype–ի օգտատերի գտնվելու վայրը։ «Հենց այդ պատճառով մեր ընկերության աշխատակիցներին, օրինակ, արգելված է Skype–ի միջոցով շփվել աշխատանքային թեմաներով»,– ասում է Սաչկովը։
Այն բանից հետո, երբ 2011թ.–ի մայիսին Microsoft–ը ձեռք բերեց Skype–ը, այն Skype–ի հաճախորդին մատակարարեց օրինական գաղտնալսման տեխնոլոգիայով, պատմում է Peak Systems–ի գործադիր տնօրեն Մաքսիմ Էմը։ Այժմ ցանկացած բաժանորդ կարող է միացնել հատուկ ռեժիմը, որի դեպքում գաղտնագրի բանալիները, որոնք նախկինում գեներացվում էին բաժանորդի հեռախոսի կամ համակարգչի վրա, կգեներացվեն ծառայությունում։
Սերվերին հասանելիություն ստանալով` հնարավոր է լսել խոսակցությունը կամ կարդալ նամակագրությունը։ Microsoft–ը հնարավորություն է ընձեռում ողջ աշխարհի հատուկ ծառայություններին, այդ թվում նաև ռուսական, օգտվել այդ տեխնոլոգիայից, բացատրում է փորձագետը։
Տեղեկատվական անվտանգության երկու մասնագետների համաձայն` Skype–ի նամակագրության և խոսակցությունների հասանելիությունը ռուսական հատուկ ծառայությունները ոչ միշտ են ստանում դատարանի որոշմամբ, երբեմն դա տեղի է ունենում «պարզապես հարցման միջոցով»։ Չի կարելի համարել, որ Skype–ով գաղտնալսումը ռուս իրավապահ մարմինների համար անհաղթահարելի խնդիր է, հաստատում է ՆԳՆ աշխատակիցը։ ՆԳՆ–ի և ԱԴԾ–ի պաշտոնական ներկայացուցիչներ հրաժարվել են մեկնաբանություններից։ –0–