USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

«ArmNet Awards 2012»-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա շաբաթ օրը Երևանում

07.12.2012, 17:57
«ArmNet Awards 2012» մրցանակաբաշխությունը, ինչպես նաև «Բրենդեր և թվային տեխնոլոգիաներ» թեմայով  միջազգային համաժողովը տեղի կունենան շաբաթ օրը Երևանում, հաղորդում են կազմակերպիչները:

«ArmNet Awards 2012»-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա շաբաթ օրը Երևանում

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ArmNet Awards 2012» մրցանակաբաշխությունը, ինչպես նաև «Բրենդեր և թվային տեխնոլոգիաներ» թեմայով  միջազգային համաժողովը տեղի կունենան շաբաթ օրը Երևանում, հաղորդում են կազմակերպիչները:

Միջոցառման ընթացքում հայտնի կդառնան հաղթողների անունները 8 անվանակարգերում, որոնցից յուրաքանչյուրում պրոֆեսիոնալ ժյուրին չորսական թեկնածու է ընտրել՝ «Դիզայն և Կոմֆորտ», «Նորարարություն», «Տեխնիկական կատարում», «Բովանդակություն», «Տարվա նվաճում», «Հասարակական ազդեցություն»,  Orange-ի հատուկ մրցանակ` լավագույն բջջային հավելվածի համար:

«Ժողովրդական ընտրություն» անվանակարգի հաղթողը կորոշվի SMS-քվեարկությամբ, որն անցկացվում է մինչև դեկտեմբերի 8-ը՝ ժամը 18.00-ն: Քվեարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ՍՄՍ-հաղորդագրություն ուղարկել 1041 կարճ համարին՝ նշելով մասնակցի հատուկ համարը: Հաղորդագրության արժեքը՝ 50 դրամ:

Սոցիալական ցանցերի անձնական էջերը ներառված չեն «Ժողովրդական ընտրություն» անվանակարգում և չեն մասնակցում ՍՄՍ քվեարկությանը:
 
Կոնֆերանսի ընթացքում կներկայանան ոլորտի ինչպես հայ, այնպես էլ միջազգային հայտնի փորձագետներ՝ Անտոն Մերկուրովը (Instid Russia փորձագետ, Ռուսաստան), Արտաշես Մկրտչյանը (Hayland.am սոցիալական ցանցի ղեկավար, Հայաստան), Իլյա Սիդորովը (Google Russia նախագծերի ղեկավար, Ռուսաստան), Միխայիլ Իլյիչովը (Վեբ բիզնեսի փորձագետ, Ռուսաստան), Սամվել Մարտիրոսյանը (Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ, Հայաստան), Էրվան Լը Նագարը (Orange Ֆրանս Տելեկոմ Խումբ, սոցիալական մեդիաների փորձագետ, Ֆրանսիա), Րաֆֆի Հալաջյանը (sen.se հիմնադիր, Ֆրանսիա), Օլիվեր Վագները (BuzzRank GmbH գործադիր տնօրեն, հիմնադիր և SocialObjects GmbH գործադիր տնօրեն, հիմնադիր, Գերմանիա):

Համաժողովի մասնակիցները կանդրադառնան հետևյալ թեմաներին՝ սոցիալական մեդիան որպես բրենդինգի գործիք, բրենդեր և որոնողական համակարգեր, բրենդ մոնիտորինգի գործիքներ, անհատական բրենդինգ և նոր մեդիա, վիրուսային մարքեթինգ:

ArmNet Awards հայկական կայքերի առաջին մրցույթը տեղի է ունեցել 2010թ.-ին: Մրցույթին մասնակցել է շուրջ 600 կայք, ևս շուրջ 400-ը հայտ է ներկայացրել գրանցման ժամկետի ավարտից հետո և այդ պատճառով չի ընդգրկվել  մրցույթին մասնակցող ռեսուրսների ցուցակում: ArmNet Awards մրցույթի գրան-պրին հանձնվել է Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի կայքին:

«ArmNet» ամենամյա միջոցառումների շարքի կազմակերպիչներն են Maeutica ընկերությունը, Orange-ը և Հայաստանի Ինտերնետ Հանրություն հասարակական կազմակերպությունը:

«ARKA-Telecom» հեռահաղորդակցական պորտալը «ArmNet Awards 2012» մրցույթի տեղեկատվական հովանավորն է: -0-