«ՌՒԱ Նովոստին» գիտության մասին նոր տեղեկատվական նախագիծ է գործարկում
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «ՌԻԱ Նովոստի» միջազգային տեղեկատվության ռուսական գործակալությունը հայրենական առաջատար գիտակրթական կազմակերպությունների հետ համատեղ գործարկում է «ՌԻԱ Գիտություն» գիտության և տեխնոլոգիաների ռուսական տեղեկատվական գործակալության նախագիծը, որը մուլտիմեդիոն մեթոդների օգնությամբ լսարանին կներկայացնի ամենահետաքրքիր տեղեկատվությունը ռուսական և օտարերկրյա գիտական բացահայտումների ու տեխնոլոգիաների ոլորտի ձեռքբերումների մասին։
«Մեր լսարանը մեծ հետաքրքրություն է դրսևորում գիտական տեղեկատվության նկատմամբ։ «ՌԻԱ Գիտությունը» կոչված է ամբողջովին բավարարել այդ հետաքրքրությունը` պատմելով կարևորագույն համաշխարհային գիտական բացահայտումների և ամենաժամանակակից համաշխարհային տեխնոլոգիաների մասին։ Մենք ցանկանում ենք ոչ թե պարզապես գրել գիտության մասին, այլև վիզուալացնել ամենահետաքրքիր բացահայտումները ժամանակակից մուլտիմեդիոն տեխնոլոգիաների օգնությամբ, որոնք իր աշխատանքում օգտագործում է «ՌԻԱ Նովոստին»», – ասել է «ՌԻԱ Նովոստիի» գլխավոր խմբագիր Սվետլանա Միրոնյուկը։
«ՌԻԱ Գիտության» հիմքը կդառնա «Գիտության, էկոլոգիայի և տեխնոլոգիաների լուրեր» բացառիկ բաժինը, որը «ՌԻԱ Նովոստիում» գոյություն ունի արդեն ավելի քան հինգ տարի։ Սեպտեմբերի 11–ին մեկնարկող նախագծի շրջանակներում լսարանին կներկայացվի գիտական աշխարհից լրատվության անդադար հոսք` գիտահանրամատչելի հոդվածներ ամենահետաքրքիրի մասին ռուսական և օտարերկրյա գիտահետազոտական լաբորատորիաներից, համաշխարհային առաջատար գիտական ամսագրերի նյութեր, գիտնականների և տեխնոլոգիաների մշակողների հարցազրույցներ, հայտնի փորձագետների կարծիքներ, նպատակային ուսումնասիրություններ, վարկանիշեր և դասակարգումներ, միաժամանակ նյութերը կուղեկցվեն ինֆոգրաֆիկայով, ֆոտոժապավեններով և տեսանյութերով։ «ՌԻԱ Գիտությունը» կպատմի նաև աշխարհում, այդ թվում նաև Ռուսաստանում ներդրվող գերժամանակակից տեխնոլոգիաների մասին` սկսած բժշկությունից մինչև ատոմային էներգետիկա, տիեզերական համակարգեր և ռոբոտատեխնիկա, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Այս ամենի համար հոկտեմբերի 1–ից www.ria.ru կայքում ստեղծվում է «Գիտություն» մասնագիտացված բաժինը, որը 2014 թ.–ի սկզբում կվերածվի առանձին տեղեկատվա-վերլուծական պորտալի։ Նախագծի շրջանակներում բացի լայն լսարանի համար նախատեսված գիտահանրամատչելի տեղեկատվությունից, կներկայացվեն մասնագիտացված պրոդուկտներ, որոնք նախատեսված են գիտության և տեխնոլոգիաների ոլորտում աշխատող մասնագետների համար։ «ՌԻԱ Գիտությունն» ակտիվորեն կինտեգրվի նաև «ՌԻԱ Նովոստիի» արդեն գոյություն ունեցող «Բաց դասախոսություն» և «Գիտական երկուշաբթի» նախագծերի հետ։
«ՌԻԱ Գիության» գլխավոր տնօրենն է Դմիտրի Գուժելյան, գլխավոր խմբագիրը` Անդրեյ Ռեզնիչենկոն։–0–