Փիղը «սելֆի» է արել բջջային հեռախոսով
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Բրիտանական Արևմտյան Միդլենդ մարզի սաֆարի–պարկի աֆրիկյան փիղը կնճիթով «սելֆի» է արել պարկի այցելուներից մեկի ձեռքից ընկած բջջային հեռախոսի օգնությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Daily Mail պարբերականին։
«Սելֆի» (անգլ. Selfie` Self — ինքս) ինքնանկարի տարատեսակ բջջային հեռախոսի խցիկով սոցցանցերում տեղադրելու համար։
«Ես և ընկերս ավտոմեքենայով անցնում էինք փղերի մեծավանդակի կողքով, և ես մի քանի անգամ նկարեցի ինձ փղերից մեկի հետ։ Բայց երբ շրջվեցի, հարվածեցի հեռախոսը մեքենայի դռանը, և այն ընկավ խոտի մեջ»,– թերթին պատմել է 23–ամյա այցելու Սքոթ Բրայերլին (Scott Brierley)։ Քանի որ փղերը գնում էին անմիջապես մեքենայի ետևից, Սքոթը չհամարձակվեց դուրս գալ մեքենայից և վերցնել հեռախոսը։ «Փիղը կանգ առավ դրա մոտ, կարծում եմ` մտածել է, թե դա սնունդ է»,– ասել է Բրայերլին։
Որոշ ժամանակ անց սաֆարի–պարկի աշխատակիցները վերադարձրել են Սքոթին հեռախոսը, որում տղամարդը հայտնաբերել է տեսախցիկին նայող և դրան իր կնճիթը մեկնած փղի լուսանկարը։ «Սելֆիի» հեղինակը Լատաբե անունով երիտասարդ էգ փիղն է, որը, ամենայն հավանականությամբ, պատահաբար սեղմել է հեռախոսի կոճակը։ «Շատերն են մեր պարկում վայր գցել իրենց հեռախոսները, բայց ես երբեք այսպիսի բան չեմ տեսել։ Ի՜նչ լուսանկար է։ Մենք շատ հպարտ ենք Լատաբեով»,– թերթը մեջբերում է պարկի պահակներից մեկի` Էնդի Պլամբի խոսքը։
Ավելի վաղ համաշխարհային ԶԼՄ–ներին հաճախ են գրավել հայտնի քաղաքական գործիչների կամ էստրադայի ու կինեմատոգրաֆի աստղերի սելֆիները։ Իսկ Լատաբեի լուսանկարն աշխարհում կենդանու «սելֆիի» առաջին հայտնի դեպքը կդառնա։ -0-