USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

«Օրանժ Արմենիա» ընկերության բաժանորդներն ավելի լավ ինտերնետ կունենան

17.12.2015, 19:39
«Օրանժ Արմենիա» ընկերության բաժանորդները շուտով կօգտվեն ավելի կայուն և որակյալ կապից, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Օրանժ Արմենիա» ընկերության բաժանորդներն ավելի լավ ինտերնետ կունենան

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Օրանժ Արմենիա» ընկերության բաժանորդները շուտով կօգտվեն ավելի կայուն և որակյալ կապից, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդման, կապի բարելավումը հնարավոր կլինի «Օրանժ Արմենիայի» շարժական կապի կայանների` «Յուքոմ» ընկերության օպտիկամանրաթելային կապուղիներին միացման արդյունքում:

«Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանի խոսքով, «Ցանցի վերազինման գործընթացն արդեն սկսվել է թե՛ Երևանում, թե՛ մարզերում: «Օրանժ Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների ղեկավարներն այցելել են Կոտայքի մարզ՝ ծանոթանալու ընթացող աշխատանքներին: «Արդեն սկսել ենք մեծածավալ ներդրումներ կատարել «Օրանժ Արմենիայի» ցանցային ենթակառուցվածքում, ինչը թույլ կտա էականորեն բարելավել մատուցվող ձայնային և ինտերնետ ծառայությունների որակը: Մեկնարկած գործընթացը բավական լայնածավալ է և նախատեսում է կարճ ժամանակահատվածում «Օրանժ Արմենիայի» բոլոր բազային կայանների միացումը «Յուքոմ» ընկերության օպտիկամանրաթելային ցանցին»։

Հաղորդման մեջ նշվում է, որ գրեթե բոլոր հայկական շարժական կապի օպերատորները հիմնականում իրենց ցանցի աշխատանքն ապահովում են ռադիոռելեային կապի միջոցով: Ի տարբերություն այս կապի միջոցի, որն իրականացվում է էլեկտրամագնիսական ալիքներ արձակող կայանների օգնությամբ, «Յուքոմ» ընկերությունն օգտագործում է օպտիկամանրաթելային կապ, ինչը թույլ է տալիս կապի այլ ձևերի հետ համեմատած ավելի մեծ հեռավորություններով և ավելի բարձր թողունակությամբ տվյալների փաթեթների փոխանցումներ կատարել:

Եսայանը նույնպես անդրադարձավ ընկերության ցանցային ենթակառուցվածքի վերազինման կարևորությանը. «Շարունակում ենք միջոցառումներ ձեռնարկել «Օրանժ Արմենիայի» ծածկույթի ընդլայնման և ցանցի վերազինման ուղղությամբ: Մեր ցանցային ենթակառուցվածքի այս բարելավումը, որն ի դեպ իրականացվում է ամբողջ երկրի տարածքում, հնարավորություն կտա ավելի կայունացնել մատուցվող ինտերնետ ծառայությունների արագությունը, այն նաև հիմք կստեղծի մոտ ապագայում նոր սերնդի ծառայությունների մեկնարկման համար»:

 Այսպիսով՝ «Օրանժ Արմենիայի» բազային կայանների՝ «Յուքոմ» ընկերության օպտիկամանրաթելային կապուղիներին միացումը կբերի մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, կապահովի ավելի կայուն կապ՝ մասնավորապես բարձրադիր գոտիներում, ինչպես նաև կբարձրացնի մատուցվող ինտերնետ ծառայությունների արագությունը:

Orange Armenia-ն France Telecom–ի (ապրանքանիշը` Orange) նախկին 100 տոկոսանոց դուստրն է, հայկական շուկա է դուրս եկել 2009 թ.–ի նոյեմբերի 5–ին։ Այս տարվա սեպտեմբերին փոխվել է ընկերության հիմնական բաժնետերը, ինչի արդյունքում Orange Armenia–ի 100 տոկոս բաժնետոմսերը փոխանցվել են նոր սեփականատիրոջը` «Ucom» ԲԲԸ–ին։

 

–0-